News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը ոչ թե մեկ, այլ մի քանի հոգի են իրականացրել. ավելին` նրանց նախապես մշակված մանրակրկիտ սցենարի խաղաքարտերը ընթացքում փոխվեցին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը (ֆոտոռեպորտաժ):

Ինչպե՞ս եք Ձեզ զգում, պարոն Հայրիկյան:

Լավ:

Իսկ ընտրությունների հետաձգման հետ կապված հստակ որոշում ունե՞ք:

Ես այսօր խոսել եմ այդ մասին: Ընտրությունների հետաձգման երկու տարբերակ կա` նոր ընտրություններ կազմակերպել, այսինքն, ամեն ինչ զրոյից սկսել, որը պետք է աշխատեմ, որ բացառվի: Ինչո՞ւ, որովհետեւ ես գիտեմ, որ Հայաստանը բավականին թշնամիներ ունի: Ես որպես թեկնածու չէի ցանկանա, որ այդպես լիներ: Տեռորի պատճառով թող Հայաստանում այդ նախադեպը չլինի: Իսկ երկրորդ տարբերակն արդեն երկու շաբաթով ընտրությունների հետաձգումն է: Ստեղծված իրավիճակում ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ:

Տեղի ունեցածն անսպասելի էր բոլորիս համար: Միջադեպից ի՞նչ մանրամասներ կպատմեք: Ի՞նչ կասկածներ ունեք, ո՞վ կարող էր գնալ նման քայլի:

Միջադեպի մասին մանրամասնություններ պատմելն այդքան տեղին չի լինի: Ինչ-որ բաներ արդեն պատմել եմ, որ դա մի մարդ չէր, այլ մի քանի հոգի են կատարել: Երկուսը մեքենայից իջել են: Հետո տեսան, որ ես մեքենայում մենակ եմ: Մեքենայի մեջ բան էի մոռացել, երբ հետ դարձա, իրենց քարտերը խառնվեցին: Նրանք ամեն վայրկյան հաշվարկել էին, շատ լուրջ ծրագիր էին նախապատրաստել: Օրինակ, հասնում եմ տուն` զանգը տալիս եմ մինչեւ դուռը բացում են, տեւում է 10-15 վայրկյան եւ այդ ընթացքում ինչ-որ մարդ բարձրանում է եւ կրակում, ինչը շատ հեշտ է: Այստեղ էլ ինձ համար հեշտ չէր, բայց դե կարողացա ինչ-որ բան փոխել իմ դիմադրությամբ:

Ո՞վ կարող էր լինել այս ամենի հետեւում:

Կարծում եմ կապված էր պետության եւ Հայաստանի քաղաքական որակը փոխելու, տեռորը որոշիչ գործոնը դարձնելու եւ Հայաստանը վարկաբեկելու հետ: Ես գիտեմ, թե ով է եղել իմ հիմնական թշնամին` հայ կլինի, ռուս, թե թուրք, եղել են մեր անկախության  թշնամիները, մեր ազատության թշնամիները: Այդ մարդիկ ունեցել են  իրենց գաղտնի գործակալական ցանցը եւ այդ գաղտնի գործակալական ցանցերն, ի տարբերություն այլ երկրների, բացահայտված չեն: Այսինքն` նրանք ազատ գործում են:

Որեւէ մարդ չի եղել, որ ինձ ասի. «Գիտես, դու ինձ նեղացրել ես»: Եթե խորանամ, կասկածում եմ, որ դա կարող էր լինել ԿԳԲ-ի ցանցը, որը ժամանակին իմ դեմ պայքարել է այլ ձեւով: Նրանք ուղղակի եղել են Ազգային ինքնորոշման թշնամին: Իմ ընդգծված հակառակորդը եղել է սովետական գաղտնի ոստիկանությունը: Հիմա էլ այդ գաղտնի ոստիկանությունը պետք է որոշիչ դեր կատարի մեր կյանքում: Կամ իր ցանկացած մարդկանց դնի Հայաստանում, որոնք «Գույք պարտքի դիմաց»-ով Հայաստանի հերն անիծեն: Կամ պետք է դնի մարդու, որը կնքի Ռուսաստանի հետ անժամկետ պայմանագիր, Հայաստանում նոր մասսա հավաքի: Այդ մարդկանց ես ինձ համար թշնամի եմ համարում: Կատարյալ ժողովրդավարության իմ մոդելը Հայաստանը բացառիկ երկիր կդարձներ ամբողջ աշխարհում 1-2 տարվա աշխատանքի արդյունքում: Մարդիկ կերազեին նման երկիր ունենալ:

Նախօրեին  կասկածելի զանգեր ստացե՞լ էիք:

Դե վերջին շրջանում ինձ հանգիստ էի զգում: Նոր ընկերներիցս մեկն ասաց. «Հիշո՞ւմ ես, որ ասում էիր` ես ինձ լավ եմ զգում, որովհետեւ առանց զենքերի եմ շրջում»: Առայժմ զենքերս վայր էի դրել, որովհետեւ մի զենք գոնե պետք է լիներ մոտս: Ասում է` աչքով տվեցիր էլի:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ