News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: (ֆոտոռեպորտաժ)

«Այսօր դուք լսելու եք ոչ մի ամենալավ ելույթը, բայց միգուցե ամենապատասխանատուն: Հաջորդ հանրահավաքին` ուրբաթ օրը ավելի դուխով կխոսեմ»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը եւ սկսել իր ելույթը:

«Երիտասարդ հանրապետականները Նժդեհ հղելով ասում են` Րաֆֆին ինչու օտար բառեր է օգտագործում: Իրենք են օտարի շահերը սպասարկում, եւ ինձ ասում` թե ի՞նչ ես օտար բառեր օգտագործում»,-նշել է նա:

Ըստ Հովհաննիսյանի, հաղթանակը մեր միասնության մեջ է: «Մեր ուժը մեր ամբողջականության մեջ է, որը շատ ավելի զորեղ է եւ հաղթական, քան մեր առանձին-առանձին վերցրած բաժինները, հոսանքները: Այսօր հայ ժողովուրդը խոսել է, մեր ձայնը դարձել է օվկիանոս: Մեր միասնական ձայնը դարձել է հայ ժողովրդի ապագայի մարգարեություն, որն ասում է` յուրաքանչյուր նվաճում, վաստակ, հաղթանակ սկսվում է մի սերմից: Սերմը ցանել ենք, հիմա պիտի բերք ունենանք միասին»,- նշեց նա եւ կոչ արեց իշխանություններին. «Հարգեք ժողովրդի հաղթանակը»:

Նա նկատեց, որ այլեւս ասելիք չունի իշխանություններին: «Բաղրամյան, Հանրապետության հրապարակ, քաղաքապետարան, այդ գրասենյակները գնալու եմ միայն որպես ձեր ներկայացուցիչ, բայց ոչ բան խնդրելու: Եթե ինքն ասելիք ունի, սիրով կլսեմ Ազատության հրապարակում: Նոր Հայաստանը երկունքի մեջ է: Այդ երկունքը նշանակում է, որ լինելու է ցավ, հակազդեցություն, կրիմինալ, վախ, բայց մենք չենք ենթարկվելու որեւէ սադրանքի, ով ձեռք բարձրացրեց հայ ժողովրդի վրա պատասխան կտա ժողովրդի առաջ»,- նշել է Հովհաննիսյանն ու հավելել. «Մինչեւ ապրիլի 9-ը, պարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ Հայաստանի ժողովրդի մեծամասնության պահանջով եւ քվեով պիտի ինքնաբացարկ տա: Պիտի ճանաչի Հայաստանի ժողովրդի հաղթանակը»:

Նա նաեւ ասել է. «Եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին կեղծ երդում տա, Եթե Սերժ Սարգսյանը եւ Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրա»:

«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ հացադուլ է հայտարարում Ազատության հրապարակում. «Քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել հայրենիքի, ժողովրդի համար, իր թոռնիկների, իմ երեխաների համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում եւ հաց չեմ ուտելու»:

Նրա հայտարարությունը բողոքի ալիք բարձրացրեց հավաքվածներից մի քանիսի մեջ, սակայն Հովհաննիսյանը հանգստացրեց կրքերը: Նա նաեւ նշեց, որ այդ ընթացքում կազմելու են ազգային համաձայնության վարչակարգ: «Բոլոր մարզպետերը պիտի հրաժարական տան եւ դատարանի առջեւ պատժվեն: Եթե Սահմանադրական դատարանը չուղղի իր հետագիծը, հակասահմանադրական վճիռ կայացնի, իրեն պիտի նույնպես ասենք ցտեսություն եւ այստեղ ստեղծենք մեր դատարանը»,- ասաց նա:

Հովհաննիսյանի կողմնակիցների հաջորդ հանրահավաքը կայանալու է մարտի 15-ին, ժամը 17-ին: «Այդ օրը քննարկելու ենք ապագա անելիքները, ՍԴ կայացրած վճիռը եւ միասին կանցնենք գործողությունների, որոշումների, եւ հաղթանակն ամրագրելու գործին»,- ասաց Հովհաննիսյանը: Դրանից հետո նա քայլելով գնաց նստարեններից մեկի մոտ եւ սկսեց հացադուլը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ