News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Նունե Եսայանի 54 մլն 691 հազար դրամ արժողությամբ համերգի նախապատրաստական աշխատանքները ընթացել են 4 ամիս, ներգրավված են եղել շուրջ 500 հոգի: NEWS.am-ը դիմել էր՝ Մշակույթի նախարարությանը՝ Նունե Եսայանի համերգին 54 մլն դրամ տրամադրելու հարցով, մասնավորապես՝ ինչ հիմքով են որոշել նման գումար տրամադրել, եւ արդարացի են համարում երկրի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում պետական բյուջեից այդքան գումար տրամադրելը:

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգային թատերականցված միջոցառումը իրականացվել է անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում: Այդ միջոցառման կազմակերպման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, նվիրատվություններ, այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին հոդվածով հատկացվել է 54 մլն 691 հազար դրամ: Ժամանակակից տեխնիկական, լուսաձայնային, լուծումներով հագեցած կազմակերպչական մեծածավալ աշխատանք պահանջող միջոցառման զանգվածային այդ միջոցառման նախապատրաստական եւ իրականացման աշխատանքները ընթացել են չորս ամիս, ներգրավված են շուրջ 500 հոգի՝ տեխնիկական կազմեր, սպասարկող խմբեր, մասնագիտական անձնակազմեր, ստեղծագործական կոլեկտիվներ: Միջոցառումը կազմակերպել եւ իրականացրել է «Նունե Եսայան» բարեգործական կազմակերպությունը»,- ահա մշակույթի նախարարության պատասխանը մեր հարցին:

Նշենք, որ Նունե Եսայանը այս առիթով մեզ հետ զրույցում ասել էր. «Ես արտիստ եմ, իմ գործն եմ անում գլուխս կախ, ում ուզում է դուր գա, ում ուզում է, դու չգա, իմ գործն եմ անում, ու լավ եմ անում իմ գործը, գիտեմ, որ բարությունից բացի, ոչինչ իմ ազգի համար չեմ անում, մնացածը ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է հորինում, ով ինչ գիտի: Ինձ ընդհանրապես այդ բաները չի հետաքրքրում, ես գործ եմ արել, թող գնան ուրիշ տեղից ճշտեն, ինձնից ոչինչ չեն կարող ճշտել: Թող խոսեն համերգից, թող խոսեն, թե ինչ լավ բան եմ արել, որ պատմություն եմ արել, երգել եմ մեր վերջին հարյուրամյակների մասին, դրանց մասին թող խոսեն, հերիք է գումարների մասին խոսեն»:  Իսկ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ասել էր, թե բավարարվածություն է զգացել Նունե Եսայանի համերգից

Հիշեցնենք, որ անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին արժեցել է 54 մլն 691 հազար 400 դրամ:Այս ծախսը բյուջեյում ձեւակերպվել է իբրեւ նվիրատվություն, իսկ դրա պատասխանատվությունը դրվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա: Հետաքրքրական է, որ իբրեւ այս գումարի շրջանակներում կատարված աշխատանքների վերջնական արդյունք, կառավարության որոշման մեջ նշված է. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության եւ հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ