Երգչուհի Նունե Եսայանը որոշել է այլես մեկնաբանություններ, հարցազրույցներ չտալ լրատվամիջոցներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նունե Եսայանը՝ անդրադառնալով անկախության տոնին կայացած իր համերգին պետբյուջեից հատկացված 54 մլն դրամի մասին տեղեկություններին:

«Ոչ ոքի ոչինչ չունեմ ասելու, թող ամեն մեկը իր համար ինչ ուզում է գրի, ես ինտերվյուներ չեմ տալու, քոմենթներ չեմ անելու, իմ գործն եմ անելու, ամեն մարդ իր խղճով ինչ ուզում է, թող հանի: Լրատվամիջոցները վատից բացի ոչինչ չեն գրում, լավ բան չեն տեսնում: Ես լրատվամիջոցներից  բավականին վիրավորված եմ, համարում եմ, որ եթե ես ասելիք ունենամ, կասեմ հեռուստաընկերություններով, մնացածը ինչ-որ գրվում է, հերյուրանք է, բամբասանք ու միայն վատը իմ մասին  ու չճշտված»,- ասաց երգչուհին:

Նա շեշտեց, որ ընդհանրապես ոչինչ չի ցանկանում խոսել ոչ գումարների, ոչ դրանց արժանի լինել, չլինելու մասին: «Ես արտիստ եմ, իմ գործն եմ անում գլուխս կախ, ում ուզում է դուր գա, ում ուզում է, դու չգա, իմ գործն եմ անում, ու լավ եմ անում իմ գործը, գիտեմ, որ բարությունից բացի, ոչինչ իմ ազգի համար չեմ անում, մնացածը ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է հորինում, ով ինչ գիտի: Ինձ ընդհանրապես այդ բաները չի հետաքրքրում, ես գործ եմ արել, թող գնան ուրիշ տեղից ճշտեն, ինձնից ոչինչ չեն կարող ճշտել: Թող խոսեն համերգից, թող խոսեն, թե ինչ լավ բան եմ արել, որ պատմություն եմ արել, երգել եմ մեր վերջին հարյուրամյակների մասին, դրանց մասին թող խոսեն, հերիք է գումարների մասին խոսեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին արժեցել է 54 691 400 դրամ: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ճիշտ այսքան գումար է կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել Մշակույթի նախարարությանը, ապա` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

Նշենք, որ ավելի քան 54.6 մլն դրամով կառավարությունը ոչ թե սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում կազմակերպված տոնական բոլոր միջոցառումներն է ֆինանսավորել, այլ միայն Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի համերգը:

Այս ծախսը բյուջեյում ձեւակերպվել է իբրեւ նվիրատվություն, իսկ դրա պատասխանատվությունը դրվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա: Հետաքրքրական է, որ իբրեւ այս գումարի շրջանակներում կատարված աշխատանքների վերջնական արդյունք, կառավարության որոշման մեջ նշված է. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության եւ հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»: