Թե՛ համապետական եւ թե ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։

Նա, մասնավորապես, նշել է. «Պարտվել է ինքն իրեն՝ միասնական ընդդիմադիր ճակատ չձեւավորելու, ապաքաղաքական ամբիցիաների, թիմային բազմաշերտ «քաղաքական» թվաբանությունների եւ ընդդիմադիր դաշտը այլ գործիքներով պառակտելու արդյունքում։

Հայաստանի ամենօրյա գահավիժումը կասեցնելու գլխավոր պայմաններից է անցյալի սխալներից դասեր քաղելն ու քաղաքական միասնական ընդդիմադիր ճակատի ձեւավորումը։

Այլապես գործող ընդդիմությունը ոչ պակաս պատասխանատվություն է կրելու տեսանելի ապագայում Հայաստանի վիլայեթացման համար, ինչին անխոչընդոտ տանում է գործող իշխանության կողմից վարվող քաղաքականությունը»։