Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հոկտեմբերի 26-ին հրավիրած նիստում քվեարկությամբ հաստատել է աշխատակարգը։ Այդ մասին NEWS.am—ին հայտնում են ԱԺ-ից:
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նիստի ընթացքում ներկայացրել է հանձնաժողովի աշխատակարգի հաստատման, նիստերի անցկացման (բաց կամ փակ), ժամկետների և հրավիրյալների մասնակցության հետ կապված հարցերը:
Նրա խոսքով հանձնաժողովն իրավունք ունի հրավիրել պետական պաշտոնյաների, մասնագետների և փորձագետների, իսկ փակ նիստերի ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և եզրակացությունները հրապարակվում են գործունեության ավարտին՝ օրենսդրությանը համապատասխան:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 6-ի նիստում։
«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին և կազմի ձևավորմանը՝ այն համարելով անօրինական ու հակասահմանադրական։





























