Anthropic ընկերության Claude արհեստական բանականության մոդելն առանց մարդու թույլտվության հասանելիություն է ստացել ընտրական տվյալներին, որոնք Ջորջիա նահանգում տրամադրվում են վճարովի հիմունքներով։ Հոկտեմբերի 26-ին այս մասին հայտնել է Axios պորտալը։
«Մոդելը կիրառվում էր ընկերության ներսում՝ հանրամատչելի տեղեկությունների դուրսբերման վիճակագրական նախաձեռնության շրջանակում։ Առանց համապատասխան հրահանգներ ստանալու՝ համակարգը թվային բանալի է հայցել կառավարման վահանակ մուտք գործելու համար, որտեղ պահվում էին սովորաբար վճարովի հիմունքներով տրամադրվող նյութերը։ Այդ պահից ի վեր մենք պաշտպանական մեխանիզմներ ենք ներդրել՝ նման գործողությունները արգելափակելու համար»,- պորտալին տված հարցազրույցում հայտնել է Anthropic-ի պաշտոնական ներկայացուցիչը։
Ընկերությունում պարզաբանել են, որ նեյրոցանցը հավաքել է ձայների հաշվարկի ամփոփ ցուցանիշները, որոնք Ջորջիայի իշխանությունները քաղաքացիների համար բացել են բացառապես վճարովի հիմունքներով։ Մշակողների հավաստմամբ՝ ալգորիթմը չի կոտրել տարածաշրջանի ընտրողների ռեեստրը, ինչպես նաև չի փոփոխել կամ ներբեռնել քվեարկության անձնական արխիվները, սակայն վճարովի թվային պատնեշը շրջանցելու բուն փաստն ընդունել են ինչպես նահանգի իշխանությունները, այնպես էլ հենց ընկերությունը։
Claude-ի մշակող ընկերության ղեկավարությունը տեղի ունեցածի մասին Սպիտակ տանն ու Ջորջիայի պետքարտուղարի աշխատակազմին տեղեկացրել էր դեռևս մի քանի շաբաթ առաջ։ Axios-ի իրազեկ աղբյուրը նշել է, որ նախագահական վարչակազմի պաշտոնյաները տարածաշրջանային իշխանություններից պահանջել են հնարավորինս շուտ հրապարակել զեկույցը, սակայն այդ կոչերն անտեսվել են։
Հոդվածի հեղինակները ընդգծել են, որ ԱԲ շուկայի առաջատարներ Anthropic-ն ու OpenAI-ը վերջին շրջանում պարբերաբար հանրությանը տեղեկացնում են ինքնավար ԱԲ գործակալների չգրանցված գործողությունների մասին, ինչն ավելի է ուժեղացնում փորձագետների մտահոգությունները նման համակարգերի հնարավորությունների սահմանների և մարդկային վերահսկողության շրջանակների վերաբերյալ։




























