«Մինչեւ ինձ չվնասեն, ոստիկանությունը գլխի ընկնի, որ պետք է ոճրագործի ձեռքը բռնել»,- NEWS.am-ին ասաց «Նախախորհրդարանի» և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը՝ խոսելով հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը իրեն պատկանող TOYOTA HAYLANDER HYBRYD մեքենան վնասելու մասին։
«Երեկոյան ժամը 5-ի 6-ի արանքը կայանել եմ հայաթում և այսօր առավոտյան 11։20-ին հայտնաբերել մեքենան այս վիճակում. հայելին ջարդել են, ու այստեղ երկու հարված կա շարժիչի ծածկի վրա, կռիլոն էլ ա վնասված: Սուր ուգոլնիկով կամ արմատուրայով, երկաթի մի բանով հարվածած մի բան ա. փայտը այսպիսի հարված չի հասցնի»,- պատմեց քաղաքացիական ակտիվիստը:
Եղնուկյանը համոզված է, որ սա շարունակությունն է նախորդ երկու դեպքերի. սեպտեմբերի 2-ին «Փակ շուկայի» մոտ Ալեքսանյանին սատարող մարդիկ տեղադրեցին նրա լուսանկարով պաստառը՝ «Ոչ գրանտակերներին» գրությամբ, իսկ հոկտեմբերի 15-ին պատռեցին Եղնուկյանին պատկանող մեքենայի չորս անիվները:
«Բազմիցս շեշտել եմ, որ սա հրահրում է ատելություն, իսկ դրա հետեւանքը բռնությունն է։ Ոճրագործություն հրահրող անձը Սամվել Ալեքսանյանն է, պատգամավոր, երեսփոխան»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Եղնուկյանը սեպտեմբերի 9-ին դիմել էր ոստիկանություն՝ իր անվտանգությունն ապահովելու պահանջով: Երեկ երեկոյան ոստիկանությունը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պահանջն անհիմն է, քանի որ չկան բավարար հիմքեր:











