Լեհաստանում սրվել է Սահմանադրական դատարանի շուրջ հակամարտությունը։ Դատարանը հայտարարել է կառույցի ապօրինի զավթման մասին։ Դատարանի շենքի մոտ ցուցարարների բազմություն է հավաքվել. դատարանի նախագահ Բոգդան Սվենչկովսկին չի կարողանում ներս մտնել, մարդիկ պահանջում են նրան ներս թողնել։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Սահմանադրական տրիբունալի դատավոր Աննա Կորվին-Պիոտրովսկան որոշել է տրիբունալի նախագահ Բոգդան Սվենչկովսկուն և նրա տեղակալ Բարտոլոմեյ Սոխանսկուն հեռացնել պարտականությունների կատարումից։ Նրա կարծիքով՝ նրանց պատճառով տրիբունալը չէր կարողանում որոշումներ ընդունել։

Ավելի ուշ Լեհաստանի Սահմանադրական դատարանի շենքի մոտ սկսվել են երկրի նախագահի կողմնակիցների ձերբակալություններ, իսկ այլ քաղաքներից դեպի Վարշավա ոստիկանական շարասյուներ են շարժվում։

Մինչ այդ Սահմանադրական դատարանի մոտ սկսել էին հավաքվել ցուցարարներ, այնտեղ էին ժամանել նաև ուժայինները։ Բախումներ էին սկսվել։ Դատավոր Սվենչկովսկին և «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին փորձել էին մտնել տրիբունալի շենք, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չէր տվել։ Դրանից հետո Լեհաստանի Սահմանադրական դատարանի նախագահը խորհրդարանի պատգամավորների հետ փորձել է ճեղքել ոստիկանական շրջափակումը և մտնել դատարանի շենք։ Նրանք սկսել են կտրել մետաղական շղթաները, որոնցով փակված էին մուտքերը։

Նախագահ Կարոլ Նավրոցկին, որը Սենեգալ մեկնելու ճանապարհին էր, վերադարձել է Լեհաստան։ Նա վարչապետ Տուսկին մեղադրել է պետական հեղաշրջման փորձի մեջ։

Սահմանադրական դատարանում արդեն երկար ժամանակ վեճեր են ընթանում Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական հարթակ» կուսակցության և պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցության նշանակած դատավորների միջև։

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ընդհատել է արտասահմանյան այցը և վերադառնում է Լեհաստան։ Նա տեղի ունեցողն անվանել է «պետական հեղաշրջում»։ «Իրավունք և արդարություն» կուսակցությունում ևս այս իրադարձությունները համարում են հարձակում Սահմանադրական տրիբունալի վրա։ Իսկ Տուսկի ներկայացուցիչները հայտարարում են, որ թե՛ Նավրոցկին, թե՛ պահպանողականներն իրենք են խախտել սահմանադրական կարգը, քանի որ արգելափակել են դատավորների աշխատանքը։