Խոսել Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության մասին նույնն է, ինչպես լրջորեն խոսել Ռուսաստանի անդամակցության մասին ՆԱՏՕ կամ ԵՄ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուս քաղաքագետ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահի առաջարկին Թուրքիային ընդունել ՄՄ:
«Ես որեւէ ցանկություն չեմ լսել Թուրքիայի կողմից մուտք գործել Մաքսային միություն եւ չեմ պատկերացնում, որ դա կարող է իրական լինել: Թուրքիան զարգացնում է ինտեգրացման իր նախագիծը»,- նշել է քաղաքագետը: Նա կարծում է, որ այս առիթով Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարության պատճառն ակնհայտ է, քանի որ նա հակված է թյուրքական ինտեգրացման թեմաների քննարկմանը ու այդ պատճառով էլ նման առաջարկ է արել: «Ինքը Թուրքիան, ինչպես մենք գիտենք, նման ծրագրերի մասին երբեւէ չի խոսել: Ես չեմ հավատում, որպեսզի Թուրքիան ցանկանա մուտք գործել Մաքսային միություն»,- եզրափակել է Կոնստանտին Զատուլինը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուլսուլթան Նազարբաեւը առաջարկել է Թուրքիային ընդունել Մաքսային միություն: Նրա խոսքով՝ արտերկրում լինելով, իրեն հաճախ են դիմել այն հարցով, որ «մենք սեղծում ենք ԽՍՀՄ կամ ինչ-որ նման բան»: «Գուցե, ընդունենք Թուրքիայինմեծ երկիր է եւ խոսակցությունը կվերջանա»,-առաջարկել է Նազարբաեւը Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներին: Նազարբաեւը նաեւ նշել է, որ Թուրքիայի նախագահը դիմել է իրեն ՄՄ մուտք գործելու խնդրանքով:
Ղազախստանի նախագահն առաջարկել է Մաքսային միություն ընդունել Թուրքիային





























