News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած Հակոբյանների ընտանիքի փաստաբանը Մարատ Գինոսյանն է: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է նրա հետ վթարի, ընթացող քննության, Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի, մեկնարկած ստորագրահավաքի մասին:

Պարոն Գինոսյան, Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ահազանգում է քննության ընթացքում կատարված մի շարք խախտումների մասին եւ դրանց հիման վրա իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը անօրինական համարում, դուք ի՞նչ կարծիքի եք:

Ես չեմ կարծում, որ քննության ընթացքում բացթողումներ, սխալներ, խախտումներ եղած լինեն, քննիչն է որոշում կայացնում՝ ելնելով գործով ձեռքբերված ապացույցներից: Հիմնավոր է գտել, որ իր մեղքը կա, այդ իսկ պատճառով էլ միջնորդություն է ներկայացրել, որպեսզի իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառվի:

Գո՞հ եք այդ որոշումից եւ կարծում եք՝ արդարացի՞ էր նման որոշում կայացնելը՝ հաշվի առնելով իր առողջական վիճակը: Հակոբյանները բավարարվա՞ծ են այս որոշումից:

Գոհ կլինենք այն առումով, որ այդ մարդը ի վերջո պատասխանատվության ենթարկվի օրենքով սահմանված կարգով: Բոլորի, հասարակության պահանջն է, որ արդար քննություն լինի եւ մեղավորը պատժվի ըստ արժանավույն: Այստեղ պետք է ապահովվի նաեւ այն, որ մարդը խոչընդոտ չհանդիսանա, փախուստի չդիմի: Կալանքի կիրառման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որպեսզի անձը չխուսափի քննությունից, փախուստի չդիմի, չթաքնվի, չխոընդոտի: Այստեղ երկու երեխա է զոհվել, մեկը կյանքի համար պայքարում է, այսպիսի վիճակ է, բարոյական առումով էլ ոնց որ տուժող կողմը կարող է մի քիչ թեթեւացած զգա, որ ի վերջո, այդ անձը կստանա իր արժանի պատիժը:

Կարծում եք իր դեպքում վտանգ  կա՞ր, որ կփախչեր երկրից կամ խուսափեր նախաքննությունից:

Ես չեմ կարող ասել, նման հիմքեր չունեմ, նման հիմքեր կարող է միայն քննիչը ունենալ կամ քննիչը որոշել՝ նման մտավախություն կարող է լինել, թե ոչ, ես չեմ կարող ասել:

Դուք անձամբ արդարացվա՞ծ եք համարում կալանքի որոշումը:

Ես կարծում եմ՝ արդարացված է կալանքի որոշումը: Բավարարված կամ գոհ լինելը չի նշանակում, որ նրան կալանքի վերցնելով բավարարված կզգա, իրենք ուզում են, որ այդ մարդը իր պատիժը կրի: Ես արդարացված եմ գտնում այն առումով, որ հիմա Վարդան Պետրոսյանը չլիներ, ով ուզում է լիներ, մարդը հանցագործություն է, թեկուզ անզգույշ հանցագործություն է կատարել, բայց  կյանք է խլել, իր գործողություններով մարդկանց կյանք է խլել:

Իսկ ձեր կարծիքով՝ վթարում Վարդան Պետրոսյանի մեղավորությունը ինչո՞ւմ է եղել: Իր փաստաբանը պնդում է, որ դերասանը ոչ արագ է վարել, ոչ քնել է ղեկին, ոչ էլ ալկոհոլ օգտագործած է եղել:

Խմածությունը ոչ կարող եմ ժխտել, ոչ էլ հիմնավորել, որքանով որ դրա վերաբերյալ փորձաքննություն է նշանակված, դեռ մենք պատասխանը չունենք, նախաքննական մարմինը այդ պատասխանը չունի: Ինչ վերաբերում է արագին, նայելով վթարի ենթարկված մեքենային՝ «Նիվա» մակնիշի մեքենային, ուղղակի մխրճվել է, դանդաղ մեքենան չէր կարող բախման հետեւանքով այդպիսի բան առաջացներ, որ մտներ մեքենայի մեջ եւ դառնար մահվան պատճառ: Ես տեսնում եմ նրա մեղավորությունը, որ արագ է եղել, իսկ խմածության վերաբերյալ այս պահին որեւէ բան չեմ կարող ասել:

Բայց հնարավոր է նաեւ մեղավորությունը չապացուցվի չէ՞: Այդ դեպքում մարդուն, ում մեղքը դեռ ապացուցված չէ կամ ամբողջովին ապացուցված չէ, ով գտնվում է վատ առողջական վիճակում, արժե՞ արդեն հանցագործ համարել:

Անմեղության կանխավարկած կա, որով ասվում է, որ մարդը անմեղ է մինչեւ դատավճիռ չլինի, այնպես որ ասել, որ մարդը միանշանակ մեղավոր է, այդպես չէ: Ինչ վերաբերում է  փորձաքննության եզրակացությանը, ես դեռ ծանոթ չեմ, պետք է հանդիպեմ քննիչին, ծանոթանամ, իր արարքում կա երթեւեկության կանոնների խախտում, որը հիմք կարող է հանդիսանալ

Այս պահի դրությամբ Վարդանի մեղավորությունը քանի՞ տոկոսով եք ապացուցված համարում:

Ինքը դեռ ցուցմունք չի տվել, դեպքի վերաբերյալ ոչինչ չի ասել կապված իր առողջական վիճակի հետ կամ օգտվելով  իր կարգավիճակից՝ հրաժարվել է ցուցմունքներ տալուց, բայց մյուս կողմի ցուցմունքները գնահատելով գտնում եմ, որ իր մեղավորությունը անժխտելի է:

Կարծիք կա, որ Վարդանի նկատմամբ քաղաքական ճնշումներ կան, դրանով են պայմանավորոմ, որ հապճեպ, առողջական վատ վիճակում նրան կալանավորել են:

Ոչ, ես այդպես չեմ կարծում, քաղաքական ենթատեքստ տալ դրան բացառում եմ, որովհետեւ նորից եմ կրկնում անկախ նրանից ով կլիներ եթե կան զոհեր, կան երթեւեկության կանոնների խախտում, ուրեմն պետք է այդ գործընթացը լիներ, չեմ վերագրում քաղաքական ենթատեքստ:

Ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի՝ ստորագրահավաք է մեկնարկել, մարդիկ երաշխավորագրեր են ներկայացնում: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:

Դա հասարակության կարծիքն է, ես չեմ կարող դրան գնահատական տալ:

Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է վթարը եղել:

«Նիվան» կանգնած է եղել երթեւեկության գոտուց էլ դուրս, եթե երթեւեկության գոտուց դուրս մեքենան կանգնած է եւ մեծ արագությամբ հարվածում է, դա նշանակում է, որ անժխտելի է, որ Վարդան Պետրոսյանը չի խախտել կանոններ: Բախման հետեւանքով «Նիվայի» մեջ մխրճվելը հաստատում է, որ ինքը արագությամբ է եկել, ու իր երթեւեկելի գոտին թողած հարվածել է դրանից դուրս գտնվող «Նիվա» մեքենային:  Եթե երթեւեկելի գոտին շրջանցելուց կամ կանգնած լիներ, այդպիսի բան չէր կարող լինել, բայց նման բան չի եղել:

Նիկոլայ Բաղդասարյանն ասում է, որ  «Նիվայում» վեց մարդ է եղել, ինչը անթույլատրելի է, նաեւ հիմքեր կան կարծելու, որ անչափահաս է եղել ղեկին: Դուք Հակոբյանների կողմից երթեւեկության կանոնները խախտելու նորմ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:

Ես չեմ տեսնում նրանց մեղավորությունը, սուտ բաներ են ասում, թե մեքենայի ղեկին անչափահաս է եղել: Մահացողներից որեւէ մեկը ղեկին չի եղել, նրանք հետեւն են նստած եղել, հարվածը, բախումը հետեւից է եղել, որը պատճառ է հանդիսացել 2 հոգու մահվան: Ինչ վերաբերում է 6 հոգով նստելուն, դա գնահատման ենթակա խնդիր է, չեմ կարծում, որ որեւէ այլ ճանապարհային երթեւեկության կանոններ է խախտել «Նիվայի» վարորդը, նա խախտում չի կատարել, նույնիսկ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կայանել է:

Իսկ ինչպե՞ս է հիվանդանոցում գտնվող Տաթեւի առողջական վիճակը:

Նա դեռ հիվանդանոցում է, մի անգամ վիրահատել են, նույնիսկ նորից վիրահատելու խնդիր կարող է  առաջանալ: Բազմաթիվ կոտրվածքներ ունի, 6 ամսից պարզ կլինի՝  կքայլի, թե ոչ, նոր վիրահատության կարիք կա, թե ոչ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Վարդան Պետրոսյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ