News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ, Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կալանքի որոշում է կայացրել Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ, հաղորդում է NEWS.am-ի  թղթակիցը:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Վարդան Պետրոսյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Ավելի վաղ Փաստաբանների դպրոցի նախագահ, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ նրան հարցաքննում են: Նա նշել էր, որ առավոտյան քննիչը գնացել է Վարդան Պետրոսյանի մոտ, փորձել է նրան հարցաքննել՝ առանց փաստաբանին տեղյակ պահելու, դրսեւորել է քննիչին ոչ վայել պահվածք, այդ ամենի ականատեսն են եղել նաեւ դերասանի հարազատները, որոնք հայտարարությամբ հանդես կգան: «Քննիչը հայտնել է, թե իբր ինձ տեղյակ է պահել, որ ժամը 10-ին գալու է քննչական գործողության, ես չեմ եկել: Մինչդեռ ես նախորդ օրը գնացել էի ճշտելու՝ արդյոք  որեւէ քննչական գորողություն կատարելու ենք, թե ոչ եւ որ ժամին, սակայն ինձ ոչինչ չէին հայտնել եւ ծանուցագիր չեն տվել»,- փոխանցել էր փաստաբանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Այժմ հիվանդանոցում գտնվում է բազմաթիվ կոտրվածքներ ստացած Տաթեւ Հակոբյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին, որ առկա է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում: Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել էր, նրա մոտ առկա էր շնչառության թուլացում եւ ճնշման տատանումներ: Սկզբից դերասանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սթրես» կենտրոն: Դերասանն արդեն ձերբակալվածի կարգավիճակում է, նրա հիվանդասենյակը հսկում են ոստիկանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ