Շվեյցարացիները հանրաքվեով աջակցել են սպառազինության արտահանման կանոնների մեղմացմանը․ ռազմական նշանակության նյութերի մասին օրենքի փոփոխություններին կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների 54,3%-ը, դեմ՝ 45,7%-ը, հաղորդում է SRF-ը։
Մասնակցությունը կազմել է 48%, վկայում են վերջնական արդյունքները։
Փոփոխությունները նախատեսում են ռազմական արտադրանքի արտահանման պարզեցում դեպի արևմտյան 36 գործընկեր երկիր։ Որոշակի պայմաններում նրանք կկարողանան շվեյցարական սպառազինություն գնել, նույնիսկ եթե իրենք մասնակցում են զինված հակամարտության։ Բացի այդ, գնորդներն այլևս ոչ բոլոր դեպքերում ստիպված կլինեն երաշխիքներ տրամադրել, որ ձեռք բերված ռազմական տեխնիկան չեն փոխանցի այլ պետությունների։
Միաժամանակ Շվեյցարիայի կառավարությունը կպահպանի նման երաշխիքներ պահանջելու կամ արտաքին քաղաքականության, չեզոքության և անվտանգության նկատառումներով մատակարարումներն արգելափակելու հնարավորությունը։ Ուկրաինային սպառազինության ուղղակի և անուղղակի մատակարարումները նախկինի պես արգելված կմնան։
Փոփոխությունները խորհրդարանն ընդունել է 2025 թվականի դեկտեմբերին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո շվեյցարական պաշտպանական արդյունաբերության վրա գործադրվող ճնշման ֆոնին։ Եվրոպացի գործընկերները նախազգուշացրել էին, որ կարող են հրաժարվել շվեյցարական ռազմական արտադրանքի գնումներից, եթե անհրաժեշտության դեպքում չկարողանան այն փոխանցել այլ երկրների կամ բախվեն պահեստամասերի մատակարարման սահմանափակումների։
GFS Bern հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Լուկաս Գոլդերը արդյունքը բացատրել է նրանով, որ բարեփոխման կողմնակիցներին հաջողվել է մոբիլիզացնել անվտանգության ոլորտում ավելի ճկուն քաղաքականության օգտին հանդես եկող ընտրողներին։ Նրա գնահատմամբ, փոփոխությունները Դաշնային խորհրդին գործողությունների ավելի մեծ ազատություն են տալիս։
Շվեյցարական SRF ռադիոհեռուստաընկերության մեկնաբան Նիկ Մայերը նշել է, որ կարևոր դեր է խաղացել կենտրոնամետ «Կենտրոն» կուսակցությունը, որը երկար տարիներ արտահանման խիստ սահմանափակումներին աջակցելուց հետո Ուկրաինայի պատերազմի ազդեցությամբ փոխել է իր դիրքորոշումը։ Նրա կարծիքով, ընտրողների մեծամասնության համար բանակի ամրապնդումը և ազգային պաշտպանական արդյունաբերության ներգրավումը մատակարարման միջազգային շղթաներում ավելի կարևոր են եղել, քան շվեյցարական զենքի՝ միջազգային իրավունքը խախտող պետություններում հայտնվելու վտանգը։
Փոփոխություններին աջակցել են Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «Կենտրոնը», Կանաչ ազատական կուսակցությունը, ինչպես նաև արդյունաբերության և բիզնեսի ներկայացուցիչները։ Բարեփոխման կողմնակիցները կարծում են, որ այն կամրապնդի պաշտպանական ոլորտի մրցունակությունը, ընկերությունների համար ավելի մեծ կանխատեսելիություն կապահովի և կօգնի պահպանել հազարավոր աշխատատեղեր։
Փոփոխությունների դեմ են հանդես եկել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Կանաչները», Ավետարանական ժողովրդական կուսակցությունը, բանակի հակառակորդների կազմակերպությունները և մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International-ը և Caritas-ը։ Նրանք նախազգուշացրել են, որ վերաարտահանման նկատմամբ վերահսկողության թուլացումը կարող է հանգեցնել արյունալի հակամարտությունների գոտիներում շվեյցարական սպառազինության հայտնվելուն։




























