Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» և Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությունների միջև ազգային միասնության կառավարություն ձևավորելու շուրջ բանակցությունները փակուղի են մտել, հայտնում է The Times of Israel-ը։
«Լիկուդի» ներկայացուցիչները քննադատել են Այզենկոտին և հնարավոր գործընկերներին զգուշացրել նրա գլխավորած կառավարությանը մասնակցելուց։
«Այսօր պարզ դարձավ, որ Այզենկոտը շահագրգռված չէ ազգային միասնության կառավարություն ձևավորելու հարցում», — 12-րդ հեռուստաալիքին ասել է Նեթանյահուին մոտ կանգնած աղբյուրը։
Այս հայտարարությունը հաջորդել է երկու քաղաքական գործիչների՝ կիրակի ավելի վաղ կայացած բանակցություններին։ Նեթանյահուի գլխավոր մրցակիցներից մեկը՝ Այզենկոտը, ստացել է հաջորդ կառավարությունը ձևավորելու մանդատը։
Նախօրեին վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր կոալիցիոն կառավարություն ձևավորելու պատրաստակամության մասին, որում կառավարության ղեկավարի պաշտոնն առաջինը կզբաղեցնի Այզենկոտը։
Սակայն, իսրայելական լրատվամիջոցների տվյալներով, կողմերը չեն կարողացել հաղթահարել լուրջ տարաձայնությունները, և բանակցային խմբերը որոշել են նոր հանդիպումներ չանցկացնել։
Բանակցային ճգնաժամի ֆոնին «Լիկուդը» ներկայացնող մշակույթի նախարար Միկի Զոհարը սպառնացել է ծայրահեղ ուղղափառ հրեաների շահերը ներկայացնող «Յահադուտ հա-Թորա» կուսակցությանը։ Նախկինում այն Նեթանյահուի դաշնակիցն էր, սակայն այժմ բանակցում է Այզենկոտի հետ։
«Եթե նրանք միանան Այզենկոտին՝ հաշվի առնելով նրա անվայել պահվածքը, դա կնշանակի աջերի հետ հարաբերությունների լիակատար խզում», — հայտարարել է Զոհարը։
Կրթության նախարար Յոավ Կիշը, որը նույնպես ներկայացնում է «Լիկուդը», նախազգուշացրել է, որ քաղաքական դաշտի միայն մի հատվածի վրա հենվող կառավարությունը հասարակության մյուս հատվածին կրկին փողոց դուրս կբերի, կխորացնի պառակտումը և ատելություն կբորբոքի։ Միաժամանակ Այզենկոտի հնարավոր գործընկերների թվում կան թե՛ աջ, թե՛ ձախ ուժեր։ Կոալիցիային կարող են միանալ ծայրահեղ ուղղափառ «Յահադուտ հա-Թորան» և արաբական «Ռաամ» կուսակցությունը։
Էլ ավելի կտրուկ է արտահայտվել կապի նախարար Շլոմո Կարհին։ X սոցիալական ցանցում նա հրապարակել է արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր, որում արաբ պատգամավորներ Ահմադ Տիբին և Մանսուր Աբասը սպառնալից դեմքերով այրում են Իսրայելի դրոշը Հանուկայի մոմով, որը նրանց է փոխանցում Այզենկոտը։ Հանուկայի տոնը սկսվում է ուրբաթ երեկոյան։
«Այզենկո՛տ, դու որոշե՞լ ես մեզ վաճառել նրանց, ովքեր փառաբանում են նահատակներին։ Հանուկայի նախօրեին ուզում ես մարե՞լ Իսրայելի լույսը։ Դու խելքդ թռցրե՞լ ես», — գրել է Կարհին՝ քննադատելով կառավարության ձևավորման հարցում արաբ պատգամավորների աջակցությունը ստանալու Այզենկոտի փորձերը։




























