Իսրայելում մի տղամարդ ներխուժել է ծայրահեղ ուղղափառ «Միացյալ Թորա» կուսակցության հոգևոր առաջնորդներից մեկի՝ 96-ամյա րաբբի Դով Լանդոյի տուն և սկսել գովաբանել վարչապետ Բենիամին Նեթանյահուին, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով րաբբիին մոտ կանգնած աղբյուրներին։
Լրատվամիջոցների տվյալներով, տղամարդը զինված է եղել մահակով և մոտեցել է Լանդոյին։ Տանը գտնվող րաբբիի աշակերտները կարողացել են կանգնեցնել անկոչ հյուրին և նրան դուրս բերել շենքից։
Ոստիկանությունը հայտնել է մոտ 50 տարեկան կասկածյալի ձերբակալության մասին։ Առաջիկայում նրան պետք է դատարան տանեն, որտեղ իրավապահները մտադիր են միջնորդել երկարաձգել նրա կալանքի ժամկետը։
Լանդոն րաբբի Մոշե Հիրշի հետ գլխավորում է «Միացյալ Թորա» կուսակցության կազմում գործող ոչ սիոնիստական «Դեգել հա-Թորա» թևը։ Անցած շաբաթ երկու կրոնական առաջնորդները, ըստ լրատվամիջոցների հաղորդումների, համաձայնություն են տվել կոալիցիոն բանակցություններ վարել «Յաշար» կուսակցության ղեկավար և Նեթանյահուի գլխավոր քաղաքական մրցակիցներից մեկի՝ Գադի Այզենկոտի հետ։





























