Ճապոնացի լրագրող Սատոհիկո Օգատան հայտարարել է, որ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները չի կարելի համարել նույնքան մտերիմ, որքան Թրամփի հարաբերությունները Ճապոնիայի կառավարության նախկին ղեկավար Սինձո Աբեի հետ, գրում է ճապոնական Josei Jishin պարբերականը։
Լրագրողի կարծիքով, դա հատկապես նկատելի է դարձել նոյեմբերի 19-ին չինական Շենչժեն քաղաքում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի ժամանակ։
Arc Times առցանց պարբերականի գլխավոր խմբագիր Օգատան ուշադրություն է հրավիրել սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի վրա, որում Տակաիչին փորձում է գրավել Թրամփի ուշադրությունը՝ թեթևակի թփթփացնելով նրա մեջքը և դիմելով նրան, սակայն ԱՄՆ նախագահը չի արձագանքում։ Լրագրողի կարծիքով, այս դրվագը խորհրդանշում է Ճապոնիայի վարչապետի դիվանագիտության թուլությունը։ Նա նշել է, որ ճապոնական լրատվամիջոցները շատ են գրել Տակաիչիի նկատմամբ Չինաստանի սառը վերաբերմունքի մասին, սակայն առավել խոսուն է այն, որ խնդիրներ են նկատվում նաև Տոկիոյի և Վաշինգտոնի հարաբերություններում։
Այցի ընթացքում Օգատան հարցազրույց է վերցրել ամերիկյան The New York Times թերթի հայտնի լրագրող Դևիդ Սենգերից, որը, ըստ Օգատայի, վայելում է Թրամփի վստահությունը։ Սենգերը նշել է, որ նախկին վարչապետ Սինձո Աբեի նկատմամբ ԱՄՆ նախագահի ջերմ վերաբերմունքը չի փոխանցվել Տակաիչիին։
Բացի այդ, Սենգերը Ճապոնիայի վարչապետի գլխավոր խնդիրներից մեկն է համարել Թրամփի վարչակազմից ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների բովանդակության վերաբերյալ ամբողջական հաշվետվություն ստանալը։ Քանի որ Չինաստանն ու Ռուսաստանը Ճապոնիայի ամենամոտ հարևաններն են, որոնց հետ հարաբերությունները բարդացած են հակասություններով, Տոկիոյին անհրաժեշտ է հասանելիություն ունենալ նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին մանրամասն տեղեկություններին։ Լրագրողի կարծիքով, Թրամփի հետ Տակաիչիի ներկայիս հարաբերությունները կարող են դժվարացնել նման տեղեկությունների ստացումը։
Օգատան նաև կասկած է հայտնել, թե որքանով է բովանդակալից եղել Թրամփի և Տակաիչիի հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել նախագահական Air Force One ինքնաթիռում՝ ԱՄՆ առաջնորդի տուն վերադառնալու ճանապարհին։
ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունները տևել են մոտ 80 րոպե, մինչդեռ Թրամփի հեռախոսազրույցը Ճապոնիայի վարչապետի հետ՝ մոտ 20 րոպե։ Հաշվի առնելով թարգմանության վրա ծախսված ժամանակը՝ անմիջական շփումը կարող էր տևել ընդամենը մի քանի րոպե, նշել է լրագրողը։





























