Գերմանիայի գազապահեստարանների լցվածության մակարդակը կազմում է 54,5 տոկոս՝ զգալիորեն պակաս, քան նախորդ տարիների նույն ժամանակահատվածներում։ Միաժամանակ, երկրում գազի պակասի ռիսկը շարունակում է գնահատվել ցածր։ Այս մասին նշվել է Գերմանիայի դաշնային ցանցային գործակալության (BNetzA) նոյեմբերի 27-ի հաշվետվության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ երկրի գազամատակարարումը մնում է կայուն, դրա անվտանգությունը ներկայում ապահովված է։ Կարգավորող մարմինը շարունակում է հետևել իրավիճակին՝ հատուկ ուշադրություն դարձնելով մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը պահեստարանների լցվածությունը 30 տոկոսի հասցնելու անհրաժեշտությանը։
Մատակարարումների հուսալիության վրա ազդում են խողովակաշարերով գազի ներմուծումը, հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները, պահեստարաններում առկա պաշարները, ենթակառուցվածքների վիճակը և պահանջարկի մակարդակը։ Ձմռանը նախապատրաստվելը և պահեստարանները ժամանակին լցնելը նախևառաջ գազի առևտրով զբաղվող ընկերությունների և մատակարարների պարտականությունն են։
Գերատեսչության գնահատմամբ՝ համաշխարհային շուկայում բավարար գազ և դրա ներմուծման հնարավորություններ կան։ Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ազդում է համաշխարհային գների վրա, ինչն արտացոլվում է նաև Եվրոպայում մեծածախ գների վրա։ Սպառողների վրա ազդեցության չափը կախված կլինի հակամարտության տևողությունից, մատակարարների գնումների ռազմավարությունից և պայմանագրերի պայմաններից։
Դաշնային ցանցային գործակալությունը տնային տնտեսություններին խորհուրդ է տալիս պահպանվող բարձր գների պայմաններում խնայողաբար օգտագործել գազը։
Բացի այդ, Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունը չեղարկել է գազային ճգնաժամի դեպքում գործողությունների ազգային ծրագրի շրջանակում սահմանված բարձր պատրաստվածության ռեժիմը։ Այն գործում էր 2022 թվականի հունիսի 23-ից, 2025 թվականի հուլիսի 1-ից երկիրը գտնվում էր վաղ նախազգուշացման մակարդակում։





























