ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ փոթորիկն ու Պոտոմակ գետի վարարումը գրեթե ոչնչացրել են Վաշինգտոնի Արևելյան Պոտոմակ զբոսայգու Trash Island կղզու գոլֆի դաշտը։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում՝ կրկին կոչ անելով թույլատրել գոլֆի դաշտի վերակառուցման նախագծի իրականացումը։
Թրամփի խոսքով՝ փոթորիկը քանդել է Պոտոմակի երկայնքով ձգվող հին ափապաշտպան կառույցները, ինչպես նաև վնասել դրանց երկայնքով անցնող ճանապարհը։ Տարածքի զգալի մասը հայտնվել է ջրի տակ։
«Աղբի կղզին ամբողջությամբ ոչնչացվել է փոթորկից։ Այն բառացիորեն ջնջվել է երկրի երեսից՝ ներառյալ արդեն իսկ քայքայվող ափապաշտպան պատերը, որոնք փլվել են Պոտոմակի երկայնքով, և ճանապարհը, որը հիմնականում անցնում էր այդ պատերի երկայնքով։ Գրեթե ամեն ինչ հեղեղվել ու ոչնչացվել է մակընթացություններից», — գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը տեղի ունեցածը կապել է գոլֆի դաշտի կառուցման ծրագրերի շուրջ դատական վեճի հետ։ Նա հայտարարել է, որ դատավոր Ռեյեսը քաղաքական դրդապատճառներով գործողություններ է ձեռնարկել՝ նախագծի իրականացմանը խոչընդոտելու համար, և ավերածությունները համարել է «Աստծո գործ»։
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ տարածքն ու ծառերը ջրհեղեղներից պաշտպանելու համար անհրաժեշտ է զգալիորեն ամրացնել և բարձրացնել ափապաշտպան կառույցները։ Թրամփը նաև պնդում է, որ դաշտ այցելելը դարձել է վտանգավոր, իսկ այն օգտագործելը՝ անհնար, և ԱՄՆ ներքին գործերի նախարարությունը փակել է այն։
Նա դատավորին կոչ է արել անհապաղ թույլատրել նախագծի շարունակությունն առանց հետագա ձգձգումների և նախազգուշացրել է, որ հակառակ դեպքում հնարավոր է դիմեն վերաքննիչ ատյան։
«Ի վերջո, նա շատ կհպարտանա վերջնական արդյունքով։ Ափսոս կլիներ նման անհեթեթ ու անլուրջ գործի՝ «Գոլֆի դաշտ՝ հանուն գոլֆի դաշտի» պատճառով դիմել վերաքննիչ դատարաններ», — հայտարարել է Թրամփը։





























