Հունաստան են տեղափոխել 43-ամյա մի տղամարդ, որը կասկածվում է 2024 թվականին Աթենքում քրեական աշխարհի հայտնի ներկայացուցիչ Վանգելիս Զամբունիսի սպանությանն առնչություն ունենալու մեջ, հայտնել է Kathimerini-ն։

Կասկածյալին ձերբակալել են Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Կիպրոսի հյուսիսային հատվածում, ապա Թուրքիայից արտահանձնել Հունաստան։

Շաբաթ օրը Կինեզոս («Չինացի») մականունով տղամարդուն տեղափոխել են Աթենքի դատական համալիր, որտեղ գործի է դրվել նրա ձերբակալման օրդերը։

Քննության վարկածով՝ նա կարող էր լինել 44-ամյա Զամբունիսի սպանության զինված կատարողներից մեկը։

Հանցագործությունը տեղի է ունեցել Աթենքի Նեոս Կոսմոս թաղամասում՝ տուժողին պատկանող բենզալցակայանի մոտ։ Զամբունիսը համարվում էր Հունաստանի քրեական աշխարհի ազդեցիկ դեմքերից մեկը։

Քննության տվյալներով՝ կասկածյալը սպանությունից հետո լքել է Հունաստանը։ Օգոստոսի 25-ին նրան ձերբակալել են Կիպրոսի հյուսիսային հատվածում՝ Զամբունիսի մահվան հետ կապ չունեցող գործով։ Այնուհետև տղամարդուն տեղափոխել են Թուրքիա, որտեղ տեղի իշխանություններն ի կատար են ածել ձերբակալման միջազգային օրդերը և նրան հանձնել Հունաստանի իրավապահ մարմիններին։

Սպանության քննությունը շարունակվում է։ Ձերբակալվածի առնչությունը հանցագործությանը պետք է պարզվի դատաքննության ընթացքում։