Հարավային Կորեայի «Korea Post» պետական փոստային ծառայության դեմ իրականացված հաքերային հարձակման հետևանքով արտահոսել են առնվազն 113 855 հաճախորդի անձնական տվյալներ։ Այս մասին հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով կազմակերպության հայտարարությանը։ Արտահոսքի իրական ծավալը դեռ ճշտվում է։

«Korea Post»-ի տվյալներով՝ չարագործները մուտք են գործել առցանց փոստի բջջային տարբերակում առաքման հասցեն փոխելու համակարգ և դիտել հանձնման ծանուցումով առաքանիների տվյալները։ Վտանգվել են նոյեմբերի 17-ից 24-ը առաքված պատվիրված նամակների ստացողների անունները, հասցեներն ու հեռախոսահամարները։

Միայն մեկ օրվա տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ բացահայտվել է առնվազն 113 855 մարդու տեղեկատվություն։ Փոստային ծառայությունից ընդգծել են, որ շարունակում են հետաքննությունը՝ պարզելով արտահոսքի ամբողջ ծավալն ու դեպքի հանգամանքները։

Կիբեռհարձակման հետքերը հայտնաբերվել են չորեքշաբթի օրը, որից հետո «Korea Post»-ը դիմել է ոստիկանություն։ Կառույցը ժամանակավորապես կասեցրել է մի շարք ծառայությունների, այդ թվում՝ առաքման վայրը փոխելու գործառույթի աշխատանքը։ Բացի այդ, արգելափակվել է արտասահմանյան IP հասցեներից մուտքը փոստային ծառայության բջջային կայք։

«Անկեղծորեն ներողություն ենք խնդրում քաղաքացիներին և մեր հաճախորդներին պատճառած անհանգստության համար»,— հայտարարել է «Korea Post»-ի ղեկավար Պակ Ին Հվանը։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը մանրակրկիտ կպարզի միջադեպի պատճառները, քայլեր կձեռնարկի ապագայում նման դեպքերը բացառելու համար և կվերականգնի հանրության վստահությունը։

Հարձակումը տեղի է ունեցել Հարավային Կորեայում տվյալների արտահոսքի մի շարք դեպքերի ֆոնին։ Վերջին շաբաթներին նման խնդիրների են բախվել ֆինանսական հաստատություններ ու պետական կառույցներ։ Մասնավորապես, «Korea Electric Power Corp.» պետական էներգետիկ ընկերությունից արտահոսել է շուրջ 1,52 միլիոն մարդու անձնական տվյալ։