Այսօր՝ նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արզումանյան 3/3 շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մոխրի վերածված ավտոմեքենայի, հրդեհի հարևանությամբ կայանված ու ջերմահարված «Kia» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունները։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մոտ 200-300 մետրից լսել են պայթյունի ձայնը։




























