Վրաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար, Ռուսաստանում և Ուկրաինայում երկրի նախկին դեսպան Վալերի Չեչելաշվիլին հայտարարել է, որ իրեն վրդովեցրել է Բաթումիում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպերին Թուրքիայի արձագանքի տոնայնությունը, հաղորդում է «Գրուզիա Online»-ը։
Նրա կարծիքով՝ Անկարայի կոշտ և համակարգված դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Թուրքիան այլևս նախկին հարգանքով չի վերաբերվում Վրաստանին՝ չնայած երկու երկրների ռազմավարական գործընկերությանը։
Ելույթ ունենալով PalitraNews-ի եթերում՝ Չեչելաշվիլին նշել է, որ սխալը ոչ թե հանդիպումը Բաթումիում անցկացնելն էր, այլ հնարավոր ռիսկերը գնահատելու և անվտանգությունն ապահովելու՝ վրացական իշխանությունների անկարողությունը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ էր նախապես երկրպագուներին զգուշացնել վարքագծի կանոնների մասին և ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ։
Դիվանագետը քննադատել է նաև Թուրքիայի խորհրդարանում Աբխազիայի հետ բարեկամության խմբի ստեղծմանը Թբիլիսիի պատշաճ արձագանքի բացակայությունը։ Նա այդ հարցը լուրջ և ցավոտ է անվանել Վրաստանի համար։ Բացի այդ, Չեչելաշվիլին հիշեցրել է Ադրբեջանում տեղի ունեցած միջադեպը, երբ Գիորգոբայի տոնին տեղի հավատացյալներին թույլ չէին տվել մուտք գործել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի։ Նրա գնահատմամբ՝ նման դեպքերի անտեսումը հարևան պետությունների և գործընկերների մոտ վրացական կողմի թուլության տպավորություն է ստեղծում։
ԱԳ նախկին փոխնախարարն առանձին նշել է, որ Վրաստանի միջազգային դիրքերը մեծապես հիմնված էին տարածաշրջանում Եվրամիության և ԱՄՆ-ի հուսալի գործընկերոջ նրա հեղինակության վրա։ Սակայն, նրա կարծիքով, երկիրը կորցրել է այդ կարևոր հենարանը։
Մեկնաբանելով Մինսկում Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը՝ Չեչելաշվիլին բանակցությունների վայրի ընտրությունը սխալ է անվանել, սակայն ընդգծել է, որ Մոսկվայի հետ երկխոսությունն անհրաժեշտ է առկա խնդիրների լուծման համար։ Նա հույս է հայտնել, որ առաջին փուլից հետո վրացական կողմն ավելի իրատեսորեն կգնահատի բանակցային ձևաչափի հնարավորությունները և ավելի մանրակրկիտ կպատրաստվի հաջորդ հանդիպումներին։
Նախկին դեսպանը նաև չի բացառել, որ բանակցությունների արդյունքներից Թբիլիսիի ցուցադրական դժգոհությունը կարող է մարտավարական քայլ լինել՝ ուղղված Մոսկվայից փոքր զիջումներ ստանալուն, օրինակ՝ վրացական գինեգործական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը՝ Վրաստանի կողմից ավելի լուրջ քայլերի դիմաց։
Միաժամանակ, բանակցությունների հաջորդ փուլը Մոսկվայում կամ Թբիլիսիում անցկացնելը Չեչելաշվիլին կոպիտ դիվանագիտական սխալ է անվանել։ Նրա կարծիքով՝ դա հանդիպմանը պաշտոնական արարողակարգային կարգավիճակ կտար և կարող էր լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ։
Նա նախազգուշացրել է, որ վրացական ընկերություններին ռուսական շուկա վերադարձնելու դիմաց Ռուսաստանին արվող ցանկացած զիջում կարող է հանրային վրդովմունք առաջացնել, եթե դրա խորհրդանշական կամ քաղաքական գինը դառնա Թբիլիսիում ռուսական դրոշի հայտնվելը։ Դիվանագետի կարծիքով՝ նման սցենարը կարող է զանգվածային բողոքի ցույցեր և կառավարության դեմ լուրջ դիմադրություն հրահրել։





























