Երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին կառավարող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգն այսօր հլու-հնազանդության հերթական հակառեկորդը սահմանեց։ Այս մասին ասվում է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ։
«Ավելի քան ութ տարի առաջվա՝ 2018 թվականի ապրիլի դեպքերի վերաբերյալ գործով խամաճիկային դատարանը՝ այս անգամ ի դեմս Վճռաբեկ դատարանի, 8-րդ գումարման խորհրդարանական ընդդիմության՝ իմպիչմենտի վարչապետի միասնական թեկնածու, Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանի գործով բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, և օրինական ուժ տվեց նրան 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատավճռին՝ կրկին փորձելով խոչընդոտել Մասիս համայնքում գալիք ընտրություններին ընդդիմության հաղթանակը։
Գործի ժամանակագրությունն ինքնին ապացույց է. մեղադրանքն առաջադրվել է 2018 թվականին, նախաքննությունն ավարտվել է 2019 թվականի փետրվարին, սակայն դատավճիռը կայացվել է միայն 2025 թվականի հոկտեմբերին՝ Դավիթ Համբարձումյանի՝ խորհրդարանական ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու առաջադրվելուց ամիսներ անց, իսկ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվել է 2026 թվականի դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում ընտրություններից ընդամենը 16 օր առաջ։ Տարիներով ձգձգված գործն «արագանում է» ճիշտ այն պահերին, երբ դա պետք է իշխանությանը։
Քրեական հետապնդումը և ազատությունից զրկումը քաղաքական մրցակցին ընտրական պայքարից հեռացնելու նպատակով օգտագործելը խախտում է Սահմանադրության 63-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի արդարացի քննության իրավունքը։ Այն հակասում է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածին, որը երաշխավորում է ընտրություններում ընտրվելու իրավունքը՝ առանց անհիմն սահմանափակումների։
Այս զազրելի դրսևորումը Հայաստանում խորացող ավտորիտարիզմի, ժողովրդավարության հետընթացի և ազգային ինստիտուտների, հասարակական գործիչների, ժողովրդի քվեով ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների շարքից է՝ միտված էժանագին շոուի վերածված միանձնյա արատավոր կառավարման ամրապնդմանը։
Ավելին, Հայաստանում քաղբանտարկյալների թիվը շարունակում է աճել տագնապալի տեմպերով։ Շինծու մեղադրանքների, երկարատև նախնական կալանքների և ընտրովի արդարադատության միջոցով գործող իշխանությունները համակարգված կերպով թիրախավորում են քաղաքական ընդդիմախոսներին, հոգևորականներին, լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր համարձակվում են այլակարծություն հայտնել կամ հանդես գալ ի պաշտպանություն ազգային շահերի։ Այս գործերը լիովին համապատասխանում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900 (2012) բանաձևով սահմանված՝ քաղբանտարկյալի չափանիշներին. ազատությունից զրկումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով, կիրառվում է խտրական եղանակով և ակնհայտ անարդար վարույթների արդյունք է։
Իրավապահ և քրեակատարողական համակարգերի վերածումը քննադատական ձայները լռեցնելու և ընդդիմության առաջնորդներին մեկուսացնելու գործիքի՝ դարձել է այս վարչակազմի գործելաոճի այցեքարտը, ինչը վկայում է մարդու հիմնարար իրավունքների, խոսքի ազատության և օրենքի գերակայության նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին՝ ի խախտումն Սահմանադրության 27-րդ, 42-րդ և 63-րդ հոդվածների և Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 10-րդ հոդվածների։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.
• Խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը և քաղաքական ընդդիմախոսների ապօրինի կալանավորումները։
• Արձանագրում է, որ ընտրություններից 16 օր առաջ ընդդիմության թեկնածուին դատական ակտով ընտրվելու իրավունքից զրկելն ուղղակի միջամտություն է ընտրական գործընթացին և հարցականի տակ է դնում Մասիսի ընտրությունների լեգիտիմությունը։
• Պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել շինծու, քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերով Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին։
• Իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Դավիթ Համբարձումյանին, բոլոր քաղբանտարկյալներին, նրանց ընտանիքներին և քաղաքական հետապնդումների ենթարկված յուրաքանչյուր անձի։
• Կոչ է անում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին՝ հրաժարվել երկակի ստանդարտներից, օբյեկտիվ գնահատական տալ ժողովրդավարական ազատությունների համակարգային խախտումներին՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լույսի ներքո, և անհապաղ արձագանքել Մասիսի ընտրությունների նախօրեին ստեղծված իրավիճակին։
• Վերահաստատում է, որ երկրի դատական համակարգը կախյալ է և քաղաքականացված՝ հակառակ Սահմանադրության 162-րդ և 164-րդ հոդվածներով ամրագրված՝ արդարադատության իրականացմանը միջամտելու արգելքի և դատավորի անկախության պահանջի։
• Հայտարարում է, որ շարունակելու է անզիջում պայքարը գործող վարչախմբի դեմ՝ սահմանադրական բոլոր միջոցներով, և աջակցելու է Դավիթ Համբարձումյանի և մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումները միջազգային ատյաններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասցնելուն»։





























