Ադրբեջանն աստիճանաբար ընդլայնում է այն ապրանքների տեսականին, որոնք անցյալ տարվա վերջից արտահանում է Հայաստան, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահկնայի հետ համատեղ ճեպազրույցում։

Նա հիշեցրել է, որ Բաքվի և Հայաստանի միջև բեռների տարանցումն այժմ իրականացվում է առանց սահմանափակումների։

«Անցյալ տարվա վերջից մեր երկիրը Հայաստան է մատակարարում մի շարք ապրանքներ, այդ թվում՝ նավթամթերք։ Այժմ մատակարարվող ապրանքների ցանկն ընդլայնվում է», — նշել է Բայրամովը։

Հանդիպման ընթացքում նախարարները դիտարկել են նաև երկաթուղու աշխատանքներին և այդ ուղղությամբ բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։ Նրանք քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի պետական կառույցների միջև փոխգործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև շփումների ավելացումը։

Բանակցությունների մեկ այլ թեմա է դարձել «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը։ Բայրամովը տեղեկացրել է հայկական կողմի ընդունած որոշումների և տեղում գործնական աշխատանքների մեկնարկի մասին։ Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի նոր սահմանադրության հարցը։