2023 թվականի իրադարձություններից հետո Ռուսաստանի՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը զգալիորեն նվազել է, և այս գործընթացը կարող է շարունակվել։ Այս մասին «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին՝ հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ընթացքում հայտնրել է պատմական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը։

Փորձագետն ուշադրություն է հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության տարածքից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին հայտարարության վրա՝ նշելով, որ այն հիմք է տալիս ակնկալելու ռուսական ներկայության հետագա կրճատում։ Կռիլովի խոսքով, եթե Հայաստանը շարունակի շարժվել արևմտյան ուղղությամբ՝ իր առջև նպատակ դնելով անդամակցել Եվրամիությանը, դա անխուսափելիորեն կհանգեցնի Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի փոփոխության։

Փորձագետն ընդգծել է, որ վերջին տարիների դրամատիկ իրադարձությունների ակնհայտ հետևանքներից մեկը տարածաշրջանում Թուրքիայի դերի զգալի ուժեղացումն է՝ Ռուսաստանի դերի նվազման ֆոնին։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում ռուսական ներկայությանը կարող է վերջ դրվել, եթե հայկական կողմը բարձրացնի հանրապետության տարածքից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը։ Կռիլովը նշել է, որ նման կոչեր արդեն շատ են հնչում, սակայն ապագան ցույց կտա իրադարձությունների հետագա ընթացքը։

Փորձագետի կարծիքով՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի հետագա հեռանկարների մասին հնարավոր կլինի դատել Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունների արդյունքներով։ Նրա գնահատմամբ՝ դրանից է կախված լինելու իրավիճակի հետագա զարգացումը թե՛ Հայաստանում, թե՛ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում, ինչպես նաև տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը։ «Մենք դրամատիկ իրադարձությունների ականատես ենք դառնում։ Հարավային Կովկասն այժմ բիֆուրկացիայի կետում է», - եզրափակել է Կռիլովը։