Աշխարհում Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ թյուրըմբռնումը պահպանվում է, ինչը հատկապես ակնհայտ է դրսևորվում միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցության ժամանակ։ Այս մասին հայտնել է Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին՝ հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի բացմանը։
Նրա խոսքով՝ երկու երկրների մասին պատկերացումները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը, իսկ նրանց փոխգործակցությունը հաճախ դառնում է ոչ միանշանակ մեկնաբանությունների առարկա։ Դիվանագետի դիտարկմամբ՝ դա հատկապես ակնհայտ է դրսևորվում, երբ Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները հանդիպում են միջազգային տարբեր հարթակներում։
Այս առնչությամբ դեսպանը մատնանշել է առկա թյուրըմբռնումը հաղթահարելու և ռուս-չինական փոխգործակցության բնույթը պարզաբանելու անհրաժեշտությունը։ Նրա կարծիքով՝ կարևոր է ցույց տալ, թե երկու պետությունների համագործակցությունն ինչ է բերում աշխարհին, և միջազգային հարթակներում նրանց համատեղ ներկայությունը դիտարկել խաղաղությանը նպաստելու տեսանկյունից։
Խոստովանելով, որ Հայաստանում դեսպանի պաշտոնում աշխատանքը դիվանագիտական գործունեության իր առաջին փորձն է՝ Լի Սինվեյը նշել է, որ թեև հանրապետություն իր ժամանումից հետո մոտ երկու տարի է անցել, այդ շրջանը խոր ազդեցություն է թողել իր վրա և մեծապես փոխել աշխարհի մասին իր պատկերացումները։
Մասնավորապես, մինչև դիվանագիտական գործունեությունն սկսելը նա խորապես համոզված էր, որ գլոբալացումն աշխարհի զարգացման միակ ուղղությունն է։ Սակայն դիվանագետի գործնական աշխատանքը նրան ստիպել է վերանայել միջազգային գործընթացները տեսականորեն ըմբռնելու հնարավորությունների նկատմամբ իր վերաբերմունքը։
Լի Սինվեյի խոսքով՝ աշխարհը զգալիորեն ավելի բարդ է, քան այն փորձում են ներկայացնել առանձին տեսություններ, և դրանում տեղի ունեցող ոչ բոլոր գործընթացներն են տեղավորվում գոյություն ունեցող հայեցակարգային շրջանակներում։ «Դիվանագիտությունը չի կարող հիմնվել բացառապես տեսական կառուցումների վրա։ Չի կարելի ենթադրել, որ որևէ մեկ տեսություն ունակ է բացատրելու ողջ աշխարհը և դրանում տեղի ունեցող գործընթացների բազմազանությունը», — համոզված է դեսպանը։





























