Չինաստանի հարավի քարանձավներում հնագետները մոտ 100 հազար տարվա ատամներ են հայտնաբերել, որոնք կարող են վկայել հնագույն մարդկանց՝ նախկինում անհայտ ճյուղի գոյության մասին։

Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները նկարագրել են Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Լունչուանդուն և Չուանշանդուն քարանձավներում հայտնաբերված չորս ատամը։

Ատամների էմալի սպիտակուցների վերլուծությունը ցույց է տվել, որ գտածոներից մեկը տարբերվում է դենիսովյան մարդկանց և տարածաշրջանում հայտնի՝ Homo ցեղի այլ ներկայացուցիչների ատամներից։ Սակայն գիտնականներն ընդգծում են, որ հնագույն մարդկանց նոր խմբի հայտնաբերման մասին խոսելու համար տվյալները դեռևս բավարար չեն։

Առաջին քարանձավից հայտնաբերված երկու ատամները՝ մեծ և փոքր աղորիքները, թվագրվում են 104,5 հազարից մինչև 42,6 հազար տարի առաջ ընկած ժամանակաշրջանով։ Երկրորդ քարանձավից հայտնաբերված երկու փոքր աղորիքներն առնվազն 100,8 հազար տարվա են։

Հետազոտողներն ուսումնասիրել են ատամների ձևը և էմալից առանձնացրել սպիտակուցներ, որոնք հնարավորություն են տալիս դատողություններ անելու հնագույն պոպուլյացիաների ազգակցական կապերի մասին։ Լունչուանդունի ատամները բնութագրերով մոտ են եղել դենիսովյան մարդկանց՝ նախկինում հայտնաբերված մնացորդներին։ Սա վկայում է, որ պլեյստոցենի դարաշրջանում Չինաստանի հարավում բնակվել է դենիսովյան մարդկանց ազգակից մի խումբ։

Չուանշանդունի ատամները, որոնք, հետազոտողների կարծիքով, կարող էին պատկանել մեկ մարդու, զգալիորեն տարբերվել են հայտնի նմուշներից։ Դրանց արմատային համակարգը բարդ է եղել, ինչպես Homo erectus-ի («ուղղաձիգ մարդու») մոտ, մինչդեռ պսակի ձևն ունեցել է Homo sapiens-ին՝ ժամանակակից մարդուն բնորոշ հատկանիշներ։

Սպիտակուցների վերլուծությունը ցույց է տվել, որ ուսումնասիրված ատամները պատկանել են արական սեռի ներկայացուցիչների։ Ընդ որում, Չուանշանդունի նմուշների սպիտակուցային տարբերակները մասամբ համընկել են այն տարբերակների հետ, որոնք նախկինում հայտնաբերվել էին Homo erectus-ի և Homo antecessor-ի՝ նեանդերթալցիներին ու ժամանակակից մարդկանց հեռավոր ազգակցություն ունեցող հնագույն մարդկային տեսակի մոտ։

Վերլուծության արդյունքներով՝ Չուանշանդունի պոպուլյացիան կարող էր քույր խումբ լինել նեանդերթալցիների, դենիսովյան մարդկանց և Homo sapiens-ի ընդհանուր նախնիների նկատմամբ։ Սրանով ենթադրվում է, որ միջին և ուշ պլեյստոցենում Չինաստանի հարավի մերձարևադարձային շրջաններում միաժամանակ կարող էին գոյություն ունենալ Homo sapiens-ին չպատկանող հնագույն մարդկանց առնվազն երկու պոպուլյացիաներ։

Դենիսովյան մարդկանց որպես առանձին խումբ առանձնացրել են 2010 թվականին՝ Սիբիրի տարածքի մի քարանձավում հայտնաբերված ճկույթի ոսկրի բեկորի ԴՆԹ-ի վերլուծությունից հետո։ Հետագայում գիտնականները պարզել են, որ դենիսովյան մարդիկ, նեանդերթալցիներն ու ժամանակակից մարդիկ խաչասերվել են միմյանց հետ։ Սակայն Չինաստանում հայտնաբերված բրածո մնացորդների գենետիկական տվյալները հաճախ սահմանափակվում են սպիտակուցների վերլուծությամբ. պահպանման պայմանները հնարավորություն չեն տալիս բազմաթիվ մնացորդներից լիարժեք ԴՆԹ ստանալու։

Հետազոտության համահեղինակ, Չինաստանի գիտությունների ակադեմիայի Ողնաշարավորների հնէաբանության և հնէամարդաբանության ինստիտուտի հնագույն ԴՆԹ-ի լաբորատորիայի ղեկավար Ցյաոմեյ Ֆուն նշել է, որ գտածոն մարդկանց նոր խմբի վերագրելը դեռ վաղաժամ է։ Էվոլյուցիայում դրա տեղը որոշելու համար անհրաժեշտ են լրացուցիչ բրածո մնացորդներ և մոլեկուլային տվյալներ։

Վիսկոնսին–Մեդիսոնի համալսարանի մարդաբան Ջոն Հոքսը, որը չի մասնակցել հետազոտությանը, նույնպես զգուշավորության կոչ է արել։ Ըստ նրա՝ դեռ պարզ չէ՝ արդյոք հայտնաբերված սպիտակուցային տարբերակը հանդիպել է Homo erectus-ի կամ դենիսովյան մարդկանց մոտ։ Եթե այն բնորոշ է եղել Homo erectus-ին, ապա Չուանշանդունի ատամները կարող են պատկանել արդեն հայտնի այս տեսակի ներկայացուցչի, այլ ոչ թե մարդկանց անհայտ ճյուղի։