Մուրմանսկի մարզի նահանգապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխնահանգապետ, մարզի առողջապահության նախարար Դմիտրի Պանիչևը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Նա դարձավ Անդրեյ Չիբիսի երկրորդ ենթական, որին փոխանցվել է մարզի ղեկավարումը՝ տարածաշրջանի ղեկավարի կալանավորումից հետո։ Նշանակման մասին հաղորդվել է նոյեմբերի 26-ի առավոտյան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Չիբիսի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հաջորդ օրը։
Ընդ որում, նախագահի հրամանագրում պաշտոնանկության պատճառը նշված չէ։ Մասնավորապես, դրանում բացակայում է «վստահությունը կորցնելու կապակցությամբ» ձևակերպումը, որը Պուտինն օգտագործել էր քննության տակ հայտնված կամ բանտարկված նահանգապետերին պաշտոնանկ անելու նախորդ դեպքերում։
Պանիչևը Մուրմանսկի մարզի կառավարությունում աշխատում է 2023 թվականի հունվարից։ Նրա կարիերայի մեծ մասը կապված է բժշկության հետ. նա սանիտար է աշխատել Պետրոզավոդսկի մանկական հանրապետական հիվանդանոցում, 2001–2003 թվականներին եղել է Մուրմանսկի մարզային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի՝ թերապիայի գծով տեղակալը, իսկ 2017–2019 թվականներին ղեկավարել է Սևերոմորսկի կենտրոնական շրջանային հիվանդանոցը։
Մինչև Պանիչևի նշանակումը նահանգապետի պարտականությունները կատարում էր Չիբիսի տեղակալ Նադեժդա Ակսյոնովան, որը ղեկավարում է մարզային կառավարության աշխատակազմը։ Նախկինում նա արդեն ժամանակավորապես ղեկավարել էր տարածաշրջանը բարդ հանգամանքներում, մասնավորապես՝ 2024 թվականին Ապատիտիում Չիբիսի վրա հարձակումից հետո։
Ինչպես հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով աղբյուրներին, լիազորությունները Պանիչևին փոխանցելու որոշումը կարող էր կապված լինել Ակսյոնովայի նկատմամբ իրավապահ մարմինների հնարավոր հետաքրքրության հետ։ Ըստ մարզի կանոնադրության՝ մարզը ժամանակավորապես կարող է ղեկավարել միայն փոխնահանգապետը։ Պաշտոնեական ավագությամբ հաջորդը Օքսանա Դեմչենկոն է, սակայն, պարբերականի տվյալներով, ուժային կառույցները հարցեր ունեն նաև նրան։
Մուրմանսկի մարզի նահանգապետն ընդհանուր առմամբ ունի 11 տեղակալ։ Նրանցից միայն երկուսն են տղամարդ՝ Պանիչևը և անվտանգության հարցերը համակարգող Արտյոմ Դոլգովը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Դոլգովին, ինչպես և Դեմչենկոյին, տեղափոխել են Մոսկվա՝ ցուցմունք տալու համար։ Հյուսիսարևմտյան դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցչությունում «Коммерсантъ»-ի աղբյուրը նշել է նաև, որ ժամանակավոր ղեկավարի ընտրության ժամանակ հաշվի է առնվել գենդերային գործոնը։
Չիբիսին մեղադրում են Ապատիտի–Կիրովսկ ճանապարհի վերակառուցման ընթացքում ավելի քան 1 միլիարդ ռուբլի, իսկ Մուրմանսկում տաղանդավոր երեխաների և երիտասարդների աջակցության կենտրոնի կառուցման ընթացքում՝ 38,8 միլիոն ռուբլի վատնելու, ինչպես նաև 8,5 միլիոն ռուբլի արժողությամբ օդապտուտակով նավակի տեսքով կաշառք ստանալու մեջ։ Նահանգապետն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել։
«Պետերբուրգյան քաղաքականություն» հիմնադրամի նախագահ Միխայիլ Վինոգրադովը կարծում է, որ հրամանագրում վստահության կորստի մասին ձևակերպման բացակայությունը չի փոխում Չիբիսի դրությունը։ Նրա կարծիքով՝ տնային կալանքը կարող էր վկայել քրեական գործից իշխանությունների հեռավորություն պահելու մասին, մինչդեռ մյուս որոշումները միանշանակ բացատրություն չունեն և չեն թեթևացնում նախկին նահանգապետի դրությունը։
Քաղաքագետ Կոնստանտին Կալաչևն իր հերթին ենթադրել է, որ Մուրմանսկի մարզում կառավարման ճգնաժամը կարող է կապված լինել քրեական գործում տարածաշրջանային ղեկավարության ներկայացուցիչների լայն շրջանակի ներգրավվածության հետ։





























