Թուրքիայում իրականացվել է գործողությունների երրորդ ալիքը Halk TV հեռուստաալիքի նկատմամբ քննության շրջանակում։

Ինչպես հայտնել է NTV-ն, գործողության ընթացքում 12 անձի ձերբակալելու որոշումներ են կայացվել, նրանցից ինը ձերբակալվել է։

Ձերբակալվածների թվում են հեռուստաալիքի հաղորդավարներ Էջե Յուներն ու նրա ամուսինը՝ Դենիզ Բայրամօղլուն։ Ձերբակալման որոշում է կայացվել նաև Halk TV-ի լրատվական ծառայության համակարգող Հաքան Քյուրշադ Օղուզի նկատմամբ։ Ստամբուլի գլխավոր դատախազության հայտարարության մեջ նշվել է, որ նա ներկայում արտերկրում է։

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ քննչական գործողությունները շարունակվում են Halk TV-ի սեփականատեր Ջաֆեր Մահիրօղլուի նկատմամբ քննության շրջանակում։ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մի շարք ֆինանսական գործարքներ, ինչպես նաև ընկերությունների և մունիցիպալ մրցույթների հետ կապերը։

Հաղորդվել է, որ քննության շրջանակում կասկածյալներին մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու և դրան մասնակցելու, հանրությանը մոլորեցնող տեղեկությունները հրապարակայնորեն տարածելու, կաշառակերության, մրցութային ընթացակարգերին միջամտելու և հարկային ընթացակարգերը կարգավորող օրենսդրությունը խախտելու համար։ Այս մեղադրանքները դեռևս չեն հաստատվել դատարանի կողմից։