Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Քուվեյթի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները կասկածելի է անվանել և հայտնել Քուվեյթի ու Իտալիայի իշխանությունների հետ միջադեպը համատեղ հետաքննելու պատրաստակամության մասին։
«Միջադեպը կասկածներ է առաջացնում և նման է պատերազմի պատրաստի սցենարի։ Մենք պատրաստ ենք համագործակցել Քուվեյթի և Իտալիայի հետ՝ միջադեպի պատճառները պարզելու համար», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Արաղչին հավելել է, որ Իտալիայի և Քուվեյթի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում ցավակցություն է հայտնել Իտալիայի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։
Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում Արաղչին մերժել էր Իրանի դեմ ներկայացված մեղադրանքները՝ դրանք համարելով անհիմն և ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունն առնչություն չունի տեղի ունեցածի հետ և դրա համար պատասխանատվություն չի կրում։
Նրա հայտարարությունները հաջորդել են Իրանի ԶՈւ-ի կտրական հերքումներին։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը տարածաշրջանում որևէ ռազմական կամ հարձակողական գործողություն չեն իրականացրել», - հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։
Ավելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է Իտալիայի երկու քաղաքացի, ևս երկու մարդ վիրավորվել է։





























