Սկանդինավիայի հնագույն բնակիչները մոտ 5 հազար տարի առաջ թաղման ծեսերում հնարավոր է՝ օգտագործել են խմորված կաթնամթերք։ Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները՝ ուսումնասիրելով նեոլիթյան դարաշրջանի կավե անոթների վրա կոռոզիայի հետքերը և դրանք համեմատելով սննդի մշակման հնագույն եղանակների փորձարարական վերարտադրության արդյունքների հետ։ Աշխատանքը հրապարակվել է Antiquity ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են միջին նեոլիթի ժամանակաշրջանի 330 կավե անոթ, որոնք թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 3300–2800 թվականներով։ Դրանք հայտնաբերվել են դանիական Զելանդիա կղզու արևմտյան հատվածի թաղման կառույցներում, բնակավայրերում և ճահճացած տեղանքներում։ Կոռոզիայի հետքեր պահպանվել են 31 անոթի վրա, որոնցից 29-ը հայտնաբերվել է դոլմեններում և նեոլիթյան Եվրոպային բնորոշ՝ միջանցք ունեցող այլ դամբարաններում։

Պարզելու համար, թե ինչ մթերքներ կարող էին պահվել անոթներում, հետազոտողները պատրաստել են դրանց կրկնօրինակները և լցրել կաթով, գարեջրով, քացախով, մեղրագինով ու հնագույն երկրագործներին հասանելի այլ մթերքներով։ Որոշ ժամանակ անց նրանք փորձարարական անոթների մակերևույթի փոփոխությունները համեմատել են հնագույն խեցեղենի վնասվածքների հետ։

Առավել մեծ նմանություններ են հայտնաբերվել այն անոթի դեպքում, որում պահվել էր թարմ, չպաստերիզացված կաթ։ Դրա մակերևույթին առաջացել էին փոսիկներ և պոկված հատվածներ, որոնք հիշեցնում էին հնագիտական գտածոների հետքերը։ Սա առիթ է տվել ենթադրելու, որ անոթները, հնարավոր է՝ օգտագործվել են կաթնամթերքի խմորման համար։

Խմորումը մեծ նշանակություն ուներ վաղ երկրագործական հասարակությունների համար. այն օգնում էր պահպանելու մթերքը, փոխելու դրա համը, իսկ կաթի դեպքում՝ նվազեցնելու լակտոզայի պարունակությունը՝ հեշտացնելով մարսումը։ Սակայն հետազոտողները դեռ չեն կարող միանշանակ պարզել, թե կոնկրետ ինչ մթերք է եղել հնագույն անոթներում։

Կոպենհագենի համալսարանից և Արևմտյան Զելանդիայի թանգարանից հետազոտության գլխավոր հեղինակ Լոնե Կլաուդի-Հանսենի կարծիքով՝ հետազոտության արդյունքները վկայում են անոթների պարունակության և թաղման կառույցներում դրանց տեղադրման միջև հնարավոր կապի մասին։ Կաթնամթերքն ու խմիչքը կարող էին առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ունենալ նեոլիթյան համայնքների թաղման ծեսերում։

Միաժամանակ գիտնականներն ընդգծում են, որ փորձարարական արդյունքները հնարավորություն են տալիս առաջ քաշելու նման վարկած, սակայն վերջնականապես չեն ապացուցում ո՛չ հնագույն մթերքների բաղադրությունը, ո՛չ էլ դրանց ծիսական կոնկրետ գործառույթը։