ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ նախապես համաձայնեցված համատեղ հայտարարությունը՝ դրանում ավելացնելով Ուկրաինային ուղղված նախազգուշացում՝ հակամարտության ընդլայնմանը հանգեցնող գործողություններից խուսափելու վերաբերյալ։ Սկզբնական տարբերակում այս համատեքստում հիշատակվում էր միայն Ռուսաստանը, գրել է Politico-ն՝ հղում կատարելով իր աղբյուրին։

«ՆԱՏՕ ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ, (...) հայտարարել է, որ սկզբնական ուղերձը երկու կողմերի պաշտոնապես համաձայնեցված հայտարարությունն էր, ինչը նշանակում է, որ Թրամփն ավելի ուշ միակողմանիորեն փոփոխություններ է կատարել հայտարարության մեջ», - հայտնել է պարբերականը։

Հինգշաբթի Թրամփը Truth Social-ում հրապարակել է Ռյուտեի հետ Մար-ա-Լագոյում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության տեքստը։ Հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան՝ հյուսիսամերիկյան արևելյան ժամանակով։

«Մենք մանրամասն քննարկել ենք այն բանի կարևորությունը, որ Ռուսաստանը և Ուկրաինան խուսափեն ցանկացած գործողությունից, որը միտումնավոր կամ պատահաբար կարող է հանգեցնել հակամարտության ընդլայնմանը», - նշվել է Թրամփի հրապարակած տեքստում։

Հայտարարության մեջ նշվել է, որ անհրաժեշտ է հասնել հակամարտության հնարավորինս շուտ ավարտին։

Մինչդեռ հինգշաբթի գիշեր Սպիտակ տան մամուլի ծառայության լրագրողները հրապարակել էին համատեղ հայտարարության սկզբնական տարբերակը։ Այն զգալիորեն ավելի կարճ էր, իսկ մի շարք ձևակերպումներ տարբերվում են «թարմացված» տարբերակից։ Հայտարարության առաջին տարբերակում Թրամփն ու Ռյուտեն միայն Ռուսաստանին էին կոչ անում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող էին հանգեցնել ուկրաինական հակամարտության սրմանը։ Նոր տարբերակում այս համատեքստում հիշատակվում է նաև Ուկրաինան։