Չինաստանի տասնհինգերորդ հնգամյա ծրագրի առաջնահերթությունները մեծապես համընկնում են Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ուղղությունների հետ՝ նոր հնարավորություններ բացելով երկկողմ համագործակցության համար։ Այս մասին «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին՝ հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի (ՉՀԳԱ) Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի Ռուսաստանի տնտեսության բաժնի ղեկավարի տեղակալ Դին Չաոն։
Նրա խոսքով՝ աճող համաշխարհային անկայունության և անորոշության պայմաններում Չինաստանն ու Ռուսաստանը շարունակում են մնալ խաղաղությանը, համատեղ զարգացմանն ու միջազգային համագործակցությանը նպաստող կարևոր ուժեր։ Չինաստանի տնտեսությունը, նշել է փորձագետը, աչքի է ընկնում բարձր դիմակայունությամբ և զգալի ներուժով, իսկ բաց լինելու և արտաքին համագործակցության հարցում Պեկինի հետևողական քաղաքականությունն աշխարհին բավական հստակ երկարաժամկետ կողմնորոշիչ է տալիս։
Դին Չաոն ընդգծել է, որ կայուն տրանսպորտային և տնտեսական կապերի ձևավորման անհրաժեշտությունը հատկապես սուր են զգում դեպի ծով ելք չունեցող երկրները։ Այս համատեքստում նա ուշադրություն է հրավիրել Հայաստանի՝ 2023 թվականին առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վրա, որը նախատեսում է տրանսպորտային փոխկապակցվածության զարգացում պետությունների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Փորձագետը հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսին ընդունված՝ Չինաստանի և Հայաստանի համատեղ հայտարարության մեջ ամրագրված է հայկական կողմի պատրաստակամությունը՝ Չինաստանի հետ համատեղ ակտիվորեն առաջ մղելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համադրումը։
Դին Չաոյի գնահատմամբ՝ Չինաստանի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցությունը վերջին տարիներին պահպանում է դրական դինամիկան, ընդ որում՝ երկու երկրների տնտեսությունների փոխլրացնող բնույթն ու հետագա փոխգործակցության ներուժն ավելի ու ավելի հստակ են դրսևորվում։
Նրա կարծիքով՝ Չինաստանի տասնհինգերորդ հնգամյա ծրագրի առաջնահերթությունների և Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ուղղությունների համընկնումը թույլ է տալիս աճի նոր հնարավորություններ նախանշել այնպիսի ոլորտներում, ինչպիսին են գիտատեխնիկական նորարարությունները, բնապահպանությունը և ենթակառուցվածքի շինարարությունը, ինչպես նաև կայուն խթան հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։





























