Վիետնամցի կառուցապատողները նախատեսում են Հանոյում երկնաքեր կառուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանեկան ընկերության՝ The Trump Organization-ի ապրանքանիշով։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Գործակալությունը նշել է, որ Հանոյում Թրամփի աշտարակը ցանկանում են կառուցել Արևմտյան լճի մոտ՝ մայրաքաղաքի հեղինակավոր թաղամասում, որտեղ բնակվում են օտարերկրյա ղեկավարներ և դիվանագետներ։ Առնվազն 60 հարկանի շենքի նախագիծը իշխանություններին է ներկայացվել դեռ մայիսին և առայժմ սպասում է հաստատման։ Շինարարությունը կարող է սկսվել 2027 թվականի վերջին կամ 2028 թվականին։

Աղբյուրները հայտնել են, որ նոյեմբերի 26-ին Վիետնամի կառավարության ներկայացուցիչները հանդիպել են տեղի կառուցապատողների, այդ թվում՝ Kinh Bac City Development ընկերության ներկայացուցիչների հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել Վաշինգտոնի այն հայտարարություններից կարճ ժամանակ անց, որ վիետնամական ապրանքների համար կարող են սահմանվել մինչև 35 տոկոս նոր մաքսատուրքեր, որոնք առևտրային համաձայնագիր կնքելու դեպքում կարող են նվազեցվել մինչև 20 տոկոս։ Երկու կողմերն էլ առայժմ չեն պատասխանել Reuters-ի հարցումներին մեկնաբանության համար։

Գործակալությունը հիշեցրել է, որ Հանոյի երկնաքերը կդառնա Վիետնամում Թրամփի ապրանքանիշով իրականացվող երեք նախագծերից մեկը։ Ներկայում Հանոյի մերձակայքում արդեն կառուցվում է 1,5 մլրդ դոլար արժողությամբ գոլֆի համալիր, Թրամփի ևս մեկ աշտարակ նախատեսում են կառուցել երկրի հարավի ամենամեծ քաղաքում՝ Հոշիմինում։