ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է 2027 թվականի «Կինոարվեստի նախագծեր» անվանակարգի շրջանակում դրամաշնորհի հատկացման մրցույթ։

Մրցույթի նպատակն է խթանել կինոարվեստի ոլորտի միջոցառումների իրականացումը, աջակցել Հայաստանում անցկացվող միջազգային կինոփառատոների կայուն գործունեությանը, նպաստել միջազգային համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև Հայաստանում և արտերկրում հայկական կինոարվեստի հանրահռչակմանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Առաջնահերթություն կտրվի նորարարական լուծումներ առաջարկող, միջազգային համագործակցության ներուժ և կինոկրթական բաղադրիչ ունեցող նախագծերին, երիտասարդ և անկախ արվեստագետների ներգրավմանը, կինոքննադատության զարգացմանը, մշակութային ծառայությունների մատչելիության ապահովմանը, ինչպես նաև մարզերում և սահմանամերձ համայնքներում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններին։

Մրցույթի շրջանակում ընդունվում են կինոփառատոների, համաժողովների, կինոդիտումների և մշակութային այլ միջոցառումների իրականացման նախագծեր։ Կինոարտադրության նախագծեր չեն ընդունվում։

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները։ Նախապատվություն կտրվի հրավերով սահմանված պայմաններին համապատասխան համաֆինանսավորում նախատեսող ծրագրերին։ Մրցույթի պայմաններին, մասնակցության կարգին և գնահատման չափանիշներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը՝ ժամը 11:00-ը, www.armeps.am էլեկտրոնային համակարգի միջոցով։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղար` Նանե Կարապետյանին, հեռախոս՝ 010 599 699 (ներքին՝ 631), Էլեկտրոնային փոստ՝ [email protected]։