Այն ժամանակ, այո, արդարացիորեն շատերս ասում էինք, որ սուպեր վարչապետական համակարգ է, որ Սահմանադրությունը կարվել է Սերժ Սարգսյանի հագով, մենք նկատի ունեինք, որ այդ լիազորությունները, որոնք տրված են վարչապետին ու գործադիրին, պետք է իրականում խորհրդարանական Հանրապետությունում պատկանեն խորհրդարանին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Վահան Ալեքսանյանը։

«Հիմա, երբ այս լիազորությունները բերում ենք, տանք խորհրդարանին, ասում են՝ դուք խորհրարանում մեծամասնություն եք։ Կներեք, այսօր մենք ենք մեծամասնություն, վաղը ուրիշն է մեծամասնություն, բայց խորհրդարանը խորհրդարանն է։

Հենց դրա համար էլ Հայաստանի պատմության համար աննախադեպ բան ենք որոշել, ԲԴԽ-ում, ԿԸՀ-ում, Կենտրոնական բանկում, բոլոր անկախ մարմիններում ընդդիմությանը քվոտա ենք տալիս, որը երբևէ չի եղել։ Եվս մեկ չլսված բան, նախարարները, դեսպանները գալու են հրապարակային մասնակցեն ԱԺ հանձնաժողովի նիստի, և ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն են ստանալու նրանց նշանակման հետ կապված կարծիք ասել, նրանց հարցեր տալ։ Դա փակ գործընթաց չի լինելու։ Հիմա մեր հանրության բացարձակ մեծամասնությունը երևի չգիտի, թե եվրոպական մի շարք առանցքային երկրներում ովքեր են մեր դեսպանները, էլ այդպես չի լինելու, հրապարակային նիստ է լինելու»,–ասաց նա։

Նա բնական համարեց, որ նոր սահմանադրությամբ ընտրություններին հաղթող քաղաքական ուժին ԱԺ-ի միջոցով մեծ լիազորություններ են տրվում. «Էդ մարդկանց առաջարկը ո՞րն է, որ ընտրություններում հաղթի մի ուժ, բայց գործադիր և խորհրդարանական իշխանության լծակները տրամադրվեն պարտված ուժի՞ն... է՞դ է տրամաբանությունը»,- հարցրեց Ալեքսանյանը։

Հարցին՝ եղե՞լ է դեպք, որ կառավարությունը որևէ նախագիծ բերի խորհրդարան, և ՔՊ–ն դեմ քվեարկի, Ալեքսանյանը դրական պատասխան տվեց. «Այո եղել է, բերեմ վառ օրինակ. հիշու՞մ եք, որ թաղման նպաստների հետ կապված թեմա էր հասունացել։ Հանդիպում ունեցանք մեր գործընկեր պարոն Թորոսյանի հետ խմբակցությունով, ներկայացրինք մեր դիրքորոշումը, պարոն Թորոսյանը, ի պատիվ իրեն, ընդունեց մեր փաստարկները, նախագիծ հետ կանչվեց»։

Ալեքսանյանը վստահեցրեց, որ նոր սահմանադրությամբ սուպեր վարչապետական համակարգը ամբողջությամբ վերանում է. « Մինչև այս էլ որոշակի քայլեր եղել էին, մասնավորապես ՆԳՆ-ի ստեղծմամբ, բայց հիմա արդեն սահմանադրորեն այդ համակարգը վերանում է։ Խորհրդարանական հանրապետությունը վերջապես դառնում է իրապես խորհրդարանական հանրապետություն»։