ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Տ․Խ․-ն, մտերիմ հարաբերություններ ունենալով Կ.Բ․-ի ընտանիքի անդամների հետ և միաժամանակ աշխատելով ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում, Կ․Բ․-ի որդու՝ Մ․Բ․-ի հետ համատեղ բիզնես ձեռնարկելու պատրվակով, վերջինիս և նրա ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի գրավադրման ապահովմամբ, իր մտերիմ Ա․Ն․-ի անվամբ վարկ ստանալու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել, որից հետո բանկի հետ կնքված վարկային գծի տրամադրման պայմանագրով` Ա․Ն․-ի անվամբ տրամադրվել է 90 հզր ԱՄՆ դոլարի չափով վարկ և, ի ապահովումն պայմանագրով ստանձնած պարտավորությունների, գրավադրվել է հիշյալ անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանում գտնվող բնակարանը:

Այնուհետև, Տ․Խ․-ն, ստանալով հիշյալ 90 հզր ԱՄՆ դոլար գումարը, որևէ միջոց չի ձեռնարկել համատեղ բիզնես ձեռնարկելու ուղղությամբ և խոստացված վարկային պարտավորությունների մարումն իրականացրել է մասնակի՝ բացառապես կատարելով 36 հզր 136 ԱՄՆ դոլարի չափով տոկոսի մարում, որից ելնելով՝ 2016 թվականի հունվարի 18-ին բանկը գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և դատարանի՝ 2021 թվականի հունվարի 24-ի վճռով նշված գույքի վրա տարածվել է բռնագանձում, ինչի հետևանքով գույքի սեփականատերերը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող հիշյալ անշարժ գույքն առուվաճառքի և հաջորդող գրավի պայմանագրով 2025 թվականի մարտի 28-ին վաճառել և 66 մլն 827 հզր ՀՀ դրամի չափով գումարն ուղղել են բանկում Ա․Ն․-ի անվամբ գրանցված վարկային պարտավորությունները մարելուն:

Արդյունքում, Տ․Խ․-ն խաբեությամբ՝ դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով և իրական մտադրության մասին լռելով, ինչպես նաև՝ վստահությունը չարաշահելով՝ օգտագործելով միջանձնային հարաբերությունները, համատեղ բիզնես ձեռնարկելու պատրվակով, Մ․Բ․-ին և նրա ընտանիքի անդամներին պատճառել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս, որը դրսևորվել է հիշյալ անձանց կողմից 66 մլն 827 հզր ՀՀ դրամի չափով հարկադրված ծախս կատարելու ձևով:

Տ.Խ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: