Ցանքատարածությունների կտրուկ կրճատումը և բերքի ծավալի անկումը մինչև բազմամյա նվազագույն ցուցանիշներ Ռուսաստանը կանգնեցրել են հնդկաձավարի մատակարարումների ճգնաժամի շեմին։
Հնդկաձավարի՝ սպառողների ամենաաղքատ խավի սննդակարգում ընդգրկված ավանդական մթերքի մեծածախ գներն ամռանից արագ աճում են, դրանք տարեկան կտրվածքով բարձրացել են գրեթե 2 անգամ, վկայում են «ՊրոԶերնո» վերլուծական կենտրոնի տվյալները։
Նոյեմբերի 20-ի դրությամբ առաջին տեսակի հնդկաձավարի մեկ տոննայի գինը հասել է 60 300 ռուբլու, մինչդեռ մեկ տարի առաջ այն արժեր 33 314 ռուբլի։ Մեկ ամսից փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում հնդկաձավարի գներն աճել են 30 տոկոսով կամ մեկ տոննայի հաշվով՝ 14 հազար ռուբլով, հուլիսի համեմատ՝ 70 տոկոսով կամ մեկ տոննայի հաշվով՝ 35 հազար ռուբլով։
Ռուսաստանում հնդկացորենի բերքի ծավալները մի քանի տարի անընդմեջ նվազում են, պարզաբանել է «Ռեքսոֆթ Քոնսալթինգ» ագրոարդյունաբերական համալիրի իրավասությունների կենտրոնի գործադիր տնօրեն Դմիտրի Կրասնովը։ Այս տարի բերքի ծավալը նվազել է մինչև վերջին 12 տարվա նվազագույն մակարդակը, գրել է «Զերնո Օնլայնը»․ կանխատեսվում է 728–841 հազար տոննա՝ 2025 թվականի 926 հազար տոննայի դիմաց։ Երկու տարի առաջ հնդկացորենի բերքը հասնում էր 1,2 մլն տոննայի, իսկ 2023-ին՝ 1,47 մլն տոննայի։ Այդ ժամանակից ի վեր բերքի ծավալը կրճատվել է գրեթե 40 տոկոսով։
Ռուսական հնդկացորենի կեսը հավաքվում է Ալթայի երկրամասում, որն այս տարվա ամռանը բախվել է երաշտի, թեև առավել հիմնարար և տևական գործոնը, հավանաբար, ցանքատարածությունների կրճատումն է, նշել է Կրասնովը։ Այս տարի հնդկացորեն է ցանվել 682,9 հազար հեկտարի վրա, ինչը 1990 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշն է։
Մեծածախ գներին զուգահեռ հնդկաձավարը թանկանում է նաև խանութների դարակներում․ նոյեմբերի 16-ի դրությամբ, «ԱԲ-Կենտրոնի» տվյալներով, մեկ կիլոգրամ հնդկաձավարի մանրածախ գինը կազմել է 94,09 ռուբլի՝ մեկ տարի առաջվա համեմատ 19 տոկոսով ավելի։
Ռուսական շուկայի հնդկաձավարի պահանջարկը տարեկան կազմում է 850–900 հազար տոննա, որից տարեկան 400 հազար տոննան՝ ներքին սպառման համար, և ներկայիս 800 հազար տոննայի կանխատեսումն ակնհայտորեն չի բավարարում այդ ծավալը, արձանագրել է Կրասնովը։ «Սա չի նշանակում, որ ռուս սպառողի համար հնդկաձավարի պակաս կլինի»,— հավաստիացրել է նա, սակայն հնդկաձավարի ավելցուկային պաշարների՝ որպես գների կայունացման գործոնի ազդեցությունը թուլանալու է։
Ագրարային շուկայի կոնյունկտուրայի ինստիտուտի տվյալներով՝ ապրիլի 1-ի դրությամբ մթերման և վերամշակող ձեռնարկություններում հնդկացորենի պաշարները կազմել են 169 հազար տոննա։





























