Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի հեռացման հարց չի դնում։ Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ նշելով, որ հանրապետությունը պահպանում է անվտանգության երաշխիքները։
«Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու որոշումը հարկադրված միջոց է՝ թելադրված ֆինանսական կարգապահության պահանջներով։ Երևանը 2024 թվականից դադարեցրել է անդամավճարների փոխանցումը, իսկ կազմակերպության կանոնադրությունը նախատեսում է, որ երկու տարուց ավելի պարտքի առկայությունը հանգեցնում է ձայնի իրավունքի և քվոտային պաշտոնների համար թեկնածուներ առաջադրելու իրավունքի սահմանափակման։ Ընդ որում՝ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում, և այն պահպանում է հավաքական անվտանգության երաշխիքները»,- նշել է նա։
Ավելի վաղ ՀԱՊԿ երկրների ղեկավարները Մոսկվայում անցկացված գագաթնաժողովում որոշում էին ընդունել Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաև կազմակերպությունում պատասխանատու պաշտոնների համար իր ներկայացուցիչներին առաջադրելու իրավունքից։




























