Ֆրանսիական խոշորագույն նավաշինական Naval Group ընկերությունը ներկայացրել է SCX 26 ռազմանավի հայեցակարգը, որը նախատեսվում է կյանքի կոչել 2040-ական թվականներին։
Դրա առանձնահատկությունները կլինեն անսովոր կրկնակի վերնակառույցը և բարձր տեխնոլոգիական էներգետիկ զենքի համակարգը, ինչը Ֆրանսիային թույլ կտա մասնակցել ապագայի ծովային մարտերին։
SCX 26-ի հայեցակարգը ենթադրում է 8 000–10 000 տոննա ջրատարողությամբ նավ՝ հզորության եզակի բնութագրեր ունեցող զենքով հագեցած, հաղորդել է «Տեխկուլտը»։ Այս նավը միաժամանակ մարտական հարթակ է և մարտական կառավարման ու վերահսկման կենտրոն՝ անձնակազմով կառավարվող և անօդաչու հարթակների բարդ ցանցերի գործողությունները համակարգելու համար։
SCX 26-ի երկարությունը 170 մետր է, առավելագույն արագությունը՝ 56 կմ/ժ, նավարկության հեռավորությունը՝ մոտ 15 000 կիլոմետր, անձնակազմը՝ 150 մարդ և ևս 100 անօդաչու սարքերի օպերատոր։ SCX 26-ի սպառազինության կազմում նավաքթի և նավախելի հատվածներում կտեղակայվի մինչև 128 ուղղահայաց արձակման կայանք (VLS)՝ ՀՕՊ համակարգերի, հականավային, հակասուզանավային և ցամաքային թիրախներին հարվածելու համար նախատեսված հիպերձայնային հրթիռների համար։
Բացի այդ, նախատեսվում է տեղադրել մերձակա պաշտպանության համար նախատեսված 100 կՎտ հզորությամբ լազեր, ինչպես նաև ռելսային էլեկտրամագնիսական թնդանոթ և հեռակառավարվող, շրջանաձև կրակ վարող օժանդակ հրետանային համակարգեր, այդ թվում՝ ցածր նկատելիությամբ 57 միլիմետր թնդանոթ։
Նավի միջնամասում տարածք է նախատեսված մոդուլների տեղադրման համար, իսկ նավախելի հատվածում՝ ընդարձակ անգար տարբեր տեսակի անօդաչու սարքերի պահպանման, սպասարկման, արձակման և ընդունման համար։
SCX 26-ի գլխավոր առանձնահատկությունը երկու բարձրացված ստելս-վերնակառույցների առկայությունն է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հրամանատարական կամրջակը և կայմերի համակարգը, որտեղ կտեղադրվեն ալեհավաքներն ու փոխանցող սարքերը։ Էլեկտրոնային և կապի համակարգերի տարանջատված դասավորությունը կապահովի հակառակորդի տարածքի ավելի լավ դիտարկում և նվազագույնի կհասցնի փոխադարձ խանգարումները։





























