Բրիտանական BAE Systems ընկերության Digital Intelligence & Land ստորաբաժանումը մշակել է «ուրվական ռադար», որը կարող է հայտնաբերել թիրախները՝ միաժամանակ մնալով աննկատ։
Լինելով տարբեր օբյեկտների հայտնաբերման համընդհանուր միջոցներ՝ ռադարները մատնում են իրենց որպես ճառագայթման աղբյուրներ, քանի որ կան այդ ճառագայթումը հայտնաբերող միջոցներ, հայտնել է «Տեխկուլտը»։ Դրանից հետո ռադարը խոցելի է դառնում ինչպես հատուկ հրթիռների, այնպես էլ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների համար։
BAE Systems-ի ռադարի հայեցակարգը պարզ է․ այն աշխատում է պասիվ ռեժիմով՝ միայն ընդունելով ազդանշաններ և չճառագայթելով էներգիա։ Փոխարենն այն օգտագործում է շրջակա ռադիոճառագայթման աղբյուրների՝ թիրախից անդրադարձած ազդանշանները, երբ թիրախը հայտնվում է դրանց գործողության գոտում։ Այդ ազդանշաններն ընդունում է կոմպակտ համակարգը, որը տեղավորվում է սովորական ամենագնացի վրա։ Այնուհետև համակարգը ստացված ազդանշանները վերածում է տեղանքի եռաչափ քարտեզի թիրախի բնութագրերը՝ արագությունը, բարձրությունը, հեռավորությունն ու շարժման ուղղությունը որոշելու համար։
Քանի որ համակարգը պասիվ է, այն լիովին անտեսանելի է հակառակորդի հայտնաբերման միջոցների համար և միաժամանակ 10 անգամ ավելի էժան է, քան առկա համանման պասիվ ռադիոտեղորոշիչ կայանները։ Նոր համակարգի դաշտային փորձարկումները պետք է սկսվեն 2027 թվականին։





























