Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել՝ Ադրբեջանի հետ պետական սահմանն ապօրինի հատելու և խոշոր չափի թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով։ Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով գերատեսչությանը։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները շրջանցել են անցակետերն ու սահմանը հատել «Կարմիր կամուրջ» հատվածի «Վախթանգիսի» պահպանվող տեղամասում։

Ձերբակալվածներից մեկի անձնական խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել և առգրավել են թեբաինով լցված պոլիէթիլենային տոպրակ։ Թեբաինն ափիոնի ալկալոիդ է, որն օգտագործվում է նաև որոշ դեղամիջոցների արտադրության մեջ։ Գերատեսչությունը չի հայտնել ձերբակալվածների ինքնությունը, քաղաքացիությունը և առգրավված նյութի քանակը։

Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով՝ մի խումբ անձանց կողմից պետական սահմանն ապօրինի հատելու, խոշոր չափի թմրանյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև դրանք խոշոր չափով երկիր ներմուծելու առնչությամբ։

Մեղավոր ճանաչվելու դեպքում ձերբակալվածներին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։