Բելգիայի Վալոնիա շրջանի իշխանությունները դադարեցրել են Google-ի խոշոր տվյալների կենտրոնի շինարարությունը։ Ընկերությունը շարունակել էր աշխատանքները՝ առանց նախագծի փոփոխության գործող թույլտվության։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Չնայած փոփոխված նախագծի թույլտվության չեղարկմանը՝ շինարարները գրեթե ավարտել են մոտ երեք հեկտար տարածք զբաղեցնող շենքը։
Շրջանի պաշտոնյաներից Ռաֆայել Ստոկիսը RTBF հանրային հեռուստաընկերությանը հայտնել է, որ տեսուչները շինհրապարակում տեսել են արդեն կառուցված հիմնական կառույցները։ Նրանք նախ մոտ 300 բանվորի բանավոր հրահանգել են դադարեցնել աշխատանքը, ապա գրավոր ծանուցում ուղարկել Google-ին։
Ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է տեղական իշխանությունների հետ բաց և կառուցողական երկխոսության։ Վալոնիայի կառավարության ներկայացուցիչ Նիկոլա Եռնոն AFP գործակալությանը հայտնել է, որ երեք հեկտար տարածք զբաղեցնող շենքի ապօրինի շինարարության վերաբերյալ գործը կփոխանցվի դատախազություն։
Տվյալների կենտրոնը կառուցվում է Շարլերուայից մոտ 15 կմ արևմուտք՝ Էզյո-Պրել համայնքի նախկին ածխահանքի տարածքում գործող արդյունաբերական պարկում։ Google-ն ի սկզբանե նախատեսում էր այստեղ երեք նման կենտրոն կառուցել։
2024-ին ընկերությունը ստացել էր օդային սառեցմամբ երեք առանձին կենտրոն կառուցելու թույլտվություն։ Սակայն 2025-ին որոշել էր երկուսը միավորել մեկ խոշոր համալիրում և անցնել հեղուկ սառեցման։ Դրա համար նախատեսում էր մոտակա Սամբր գետից ժամում մոտ 600 խորանարդ մետր ջուր վերցնել։
Ապրիլին իշխանությունները հավանություն էին տվել փոփոխությանը, սակայն բնակիչներն ու հասարակական կազմակերպությունները բողոքել էին։ Օգոստոսին Վալոնիայի ենթակառուցվածքների նախարար Ֆրանսուա Դեսկենը չեղարկել էր թույլտվությունը՝ երաշտի վտանգի պատճառով։
Google-ը որոշումը վիճարկել է Բելգիայի Պետական խորհրդում։ Գործը կքննվի հունվարի 7-ին։
Այս շաբաթ Greenpeace-ը հրապարակել է դրոնով նկարահանված կադրեր։ Կազմակերպության պնդմամբ՝ դրանք հստակ ցույց են տալիս, որ թույլտվության չեղարկումից հետո շինարարությունը շարունակվել է։
Բնապահպանները հրատապ բողոք են ներկայացրել տեղական իշխանություններին։ Նրանք զգուշացնում են, որ նման էներգատար կենտրոններն ավելի են խորացնում կլիմայական խնդիրները։
Այս դեպքը Եվրոպայում ընթացող ավելի լայն բանավեճի մի մասն է։ Մասնագետներն ու հանրությունը քննարկում են արհեստական բանականության ենթակառուցվածքների արագ ընդլայնման հետևանքները։
Հոկտեմբերին Ֆինլանդիայում քրեական գործ է հարուցվել Google-ի մեկ այլ տվյալների կենտրոնի շինարարության առնչությամբ՝ բնապահպանական օրենքների հնարավոր խախտումների կասկածով։ Այնտեղ ևս աշխատանքները դադարեցված են մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ավարտը։




























