Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Թուրքիային խորհուրդ է տվել 2027–2029 թվականներին ավելի խիստ բյուջետային քաղաքականություն վարել և գնաճը զսպելու համար չթուլացնել դրամավարկային խստությունը։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն՝ վկայակոչելով ԱՄՀ առաքելության՝ Թուրքիա կատարած այցի արդյունքները, որն անցկացվել է կազմակերպության համաձայնագրի 4-րդ հոդվածի շրջանակում։
Հիմնադրամի հայտարարության մեջ նշվում է, որ տնտեսության կայունացման գործում լուրջ առաջընթացից հետո Թուրքիան բարդ տարվա առաջ է կանգնել։ Երկրի տնտեսությանը հարվածել են Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով առաջացած արտաքին առևտրային ցնցումներն ու սեպտեմբերին ներդրումային հիմնադրամների շուկայում ստեղծված լարվածությունը։
ԱՄՀ-ն դրական է գնահատել Անկարայի արագ արձագանքը․ իշխանությունների վճռական քայլերը թույլ են տվել մեղմել էներգակիրների թանկացման ազդեցությունը գնաճի վրա ու պահպանել ֆինանսական կայունությունը։ Ժամանակին արված միջամտությունն օգնել է հաղթահարել ցնցումները, թեև դրանք անհետևանք չեն մնացել․ տուժել են տնտեսական աճը, գնաճի ցուցանիշներն ու ճգնաժամային իրավիճակների համար նախատեսված ֆինանսական պահուստները։
Հիմնադրամը կանխատեսում է, որ տնտեսական աճը կվերականգնվի աստիճանաբար, իսկ գնաճը կնվազի դանդաղ տեմպերով։ Փորձագետների կարծիքով՝ հստակ համակարգված քայլերը կարող են արագացնել գների կայունացումն ու վերականգնել արտաքին հավասարակշռությունը։ Դրա համար դրամավարկային քաղաքականությունը պետք է մնա խիստ, որպեսզի զսպվի գնաճը, իսկ բիզնեսի ու քաղաքացիների սպասումները կայունանան։
Չնայած բարդ տնտեսական իրավիճակին՝ Թուրքիային հաջողվել է պահպանել բյուջետային կարգապահությունը։ Այդուհանդերձ, ԱՄՀ-ն զգուշացնում է, որ առաջիկա տարիներին երկրին ավելի խորն ու արագ բյուջետային փոփոխություններ են պետք, քան նախատեսված է 2027–2029 թվականների ծրագրով։ Հիմնադրամն առաջարկում է դա անել երկու ուղղությամբ՝ բարձրացնել պետական եկամուտների հավաքագրման արդյունավետությունն ու կրճատել ավելորդ ծախսերը։
Թուրքիայի բանկային համակարգը, ԱՄՀ գնահատմամբ, դիմացել է բոլոր ցնցումներին։ Բանկերի կապիտալի պաշարը թեև նվազել է, բայց դեռ գերազանցում է պահանջվող նվազագույն շեմը։ Սթրես-թեստերը ցույց են տվել, որ բանկերն ի վիճակի են դիմակայել նույնիսկ վատագույն սցենարներին՝ տոկոսադրույքների կտրուկ թռիչքին ու փոխարժեքի տատանումներին։
Միևնույն ժամանակ հիմնադրամը կոչ է արել ավելի խիստ վերահսկողություն ու թափանցիկություն ապահովել բանկերում, ներդրումային հիմնադրամներում և կապիտալի շուկաներում՝ ամրապնդելով ֆինանսական անվտանգության մեխանիզմները։
Տնտեսությանը լրացուցիչ թափ հաղորդելու համար ԱՄՀ-ն կարևորում է կառուցվածքային բարեփոխումները՝ տեխնոլոգիական արդիականացում, կրթության որակի բարձրացում, ստվերային տնտեսության կրճատում և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծում։ Հիմնադրամի համոզմամբ՝ այս քայլերը կբարձրացնեն տնտեսական աճի ներուժը, կստեղծեն նոր աշխատատեղեր, կխթանեն մրցակցությունը և ավելի անցավ կդարձնեն գնաճի դեմ պայքարը։





























