ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որոնց համարում են 2028 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության ամենահավանական թեկնածուները, բախվել են Դոնալդ Թրամփի որոշումների քաղաքական հետևանքներին։ Նրանք նախկինում դեմ են արտահայտվել այդ որոշումներից մի քանիսին կամ նախագահին նախազգուշացրել դրանց հնարավոր հետևանքների մասին, գրում է Axios-ը։
Իրանի դեմ պատերազմն ու Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի շուրջ սկանդալը ցույց են տվել, թե Թրամփի վարչակազմում աշխատելուց հետո որքան դժվար կլինի նրանց համար սեփական նախընտրական արշավն իրականացնելը։
Նախագահի ցածր ժողովրդականության պատճառով հանրապետականները միջանկյալ ընտրություններում արդեն կորցրել են Կոնգրեսի մեծամասնությունը։ Այժմ Վենսն ու Ռուբիոն պետք է հաշվի առնեն, որ Սպիտակ տան վիճահարույց որոշումներին իրենց մասնակցությունը կարող է վնասել նաև նախագահ դառնալու իրենց հնարավորություններին։
Վենսը ներկայանում է որպես հանրապետականների նոր սերնդի ներկայացուցիչ, որը դեմ է արտաքին հակամարտություններին ԱՄՆ-ի չափազանց մեծ միջամտությանը։ Նա նաև հեռանում է Իսրայելին անվերապահորեն աջակցելու՝ կուսակցության ավանդական դիրքորոշումից։
Մինչև Իրանի դեմ պատերազմի սկիզբը փոխնախագահը դեմ էր ռազմական գործողությանը։ Իսկ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո նա անհաջողությունը կապեց պատերազմի հետևանքների հետ։ Ըստ լրատվամիջոցների՝ այս քննադատությունը հարուցել է Թրամփի դժգոհությունը։
Անցյալ շաբաթ նախագահի ներկայությամբ Վենսին հարցրին՝ արժե՞ր Իրանի դեմ պատերազմ սկսել՝ ընտրություններում ձայներ կորցնելու գնով։ Նա խուսափեց ուղիղ պատասխանից՝ հայտարարելով, որ որոշումն ընդունում է պետության ղեկավարը, իսկ իր գործը նախագահին աջակցելն է։
Ռուբիոն, ընդհակառակը, վաղուց հայտնի է որպես կոշտ արտաքին քաղաքականության կողմնակից և Ռուսաստանի ու Չինաստանի քննադատ։ Նա ակտիվորեն աջակցել է Իրանին հարվածելու Թրամփի որոշմանը։ Եթե հանրությունը շարունակի դեմ լինել պատերազմին, այդ դիրքորոշումը կարող է բարդացնել նրա հնարավոր նախագահական քարոզարշավը։
Մեկ այլ վեճ է ծագել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի շուրջ։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մայիսին՝ Չինաստան Թրամփի նախատեսվող այցից առաջ, Ռուբիոն նախագահին նախազգուշացրել էր Չինաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող անձի հետ Հուանգի կապերի մասին։
Սակայն հետագայում Վենսն օգնել է Թրամփին ապահովել Հուանգի վերադարձը ընկերության նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնին։ Երբ լրագրողը Ռուբիոյին հարցրել է այդ որոշման մասին, պետքարտուղարը շրջվել ու հեռացել է։
The Wall Street Journal-ի մեկնաբան Ջերի Բեյքերը Ռուբիոյին կոչ է արել հեռանալ վարչակազմից։ Ըստ սյունակագրի՝ Ռուբիոն ստիպված է հրապարակայնորեն աջակցել ԱՄՆ-ը թուլացնող քաղաքականությանը՝ միաժամանակ փորձելով հեռու մնալ դրա հետևանքներից։
Ո՛չ Վենսը, ո՛չ Ռուբիոն առայժմ չեն հայտարարել 2028 թվականին առաջադրվելու մտադրության մասին։ Վենսը, որին վաղուց համարում են հավանական թեկնածու, պատրաստվում է որոշումը հետաձգել առնվազն մինչև հաջորդ տարվա սկիզբը, գուցե նաև մինչև գարնան վերջը։
Ռուբիոն ավելի վաղ հասկացրել էր, որ չի մասնակցի մրցապայքարին, եթե Վենսն առաջադրվի։ Սենատում և վարչակազմում համատեղ աշխատանքի ընթացքում նրանք ընկերներ են դարձել։
Փոխնախագահի և պետքարտուղարի պաշտոնները երկուսին էլ քաղաքական առավելություններ են տվել։ Սակայն Թրամփի պաշտոնավարման ավարտին մոտենալուն զուգահեռ ավելի ակնհայտ են դառնում նաև նախագահի հետ նրանց մտերմության բացասական հետևանքները։





























