Վրաստանի սահմանապահներն առգրավել են մոտ 100 սադրիչ պաստառ, որոնք թուրք երկրպագուները փորձել են տանել Բաթումիում կայացած «Բեշիքթաշ»–«Հապոել Բեեր Շևա» հանդիպմանը։ Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին պաստառներն անվանել է «շատ կեղտոտ»՝ նշելով, որ դրանք վիրավորում էին Վրաստանը։
Նախարարն այս մասին լրագրողներին ասել է նոյեմբերի 27-ին՝ մեկնաբանելով նախորդ օրը խաղի ընթացքում տեղի ունեցած անկարգությունները, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Թամազաշվիլիի խոսքով՝ ՆԳՆ-ն պաստառների մասին տեղեկացել է նոյեմբերի 26-ի առաջին կեսին, երբ սոցցանցերում հայտնվել են դրանք ցուցադրող երկրպագուների լուսանկարները։ Իրավապահները կանխել են պաստառների մուտքը երկիր՝ առգրավելով մոտ հարյուր պաստառ։ Դրանցից մի քանիսը բավական մեծ են եղել։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ՆԳՆ աշխատակիցներին կարգուկանոնն ապահովելու համար և նշել, որ ոստիկանությունը կանխել է լուրջ սպառնալիք։ Նրա տվյալներով՝ բախումների ժամանակ չորս հատուկջոկատային է տուժել։
Բոլոր 16 ձերբակալվածներին հետագայում ազատ են արձակել, սակայն նրանց նկատմամբ վարչական վարույթը շարունակվում է։ Վերջնական որոշումը կկայացնի դատարանը, որը կարող է նաև որոշակի ժամկետով արգելել նրանց մուտքը Վրաստան։
Թամազաշվիլիի խոսքով՝ մարզադաշտին հասցված զգալի նյութական վնասը, ամենայն հավանականությամբ, կփոխհատուցի թուրքական կողմը։ Հանդիպումը կազմակերպել էր թուրքական «Բեշիքթաշ» ակումբը, ուստի ՈՒԵՖԱ-ն, ընդունված պրակտիկայի համաձայն, կարող է փոխհատուցման պարտավորությունը դնել ակումբի վրա։ Նախարարը նշել է, որ վերջնական որոշում դեռ չկա։
Նախարարն անդրադարձել է նաև տրիբունաներից պաղեստինյան դրոշը հեռացնելուն, ինչը վրդովեցրել էր թուրք երկրպագուներին։ Նրա պնդմամբ՝ դրոշը հեռացնել պահանջել է ՈՒԵՖԱ-ի պատվիրակը։ Հրահանգը կատարել է ոչ թե վրացի ոստիկան, այլ «Բեշիքթաշ»-ի վարձած մասնավոր ընկերության աշխատակից։
Թամազաշվիլին պարզաբանել է, որ նախախաղային խորհրդակցության ժամանակ կողմերը պայմանավորվել էին տրիբունաներում թույլատրել միայն Թուրքիայի, Իսրայելի և Վրաստանի պետական դրոշները։
Նախարարը մեկնաբանել է նաև թուրքական լրատվամիջոցների հրապարակած՝ Թուրքիայի ՆԳ նախարար Մուստաֆա Չիֆթչիի հետ իր հեռախոսազրույցի հատվածը։ Նրա խոսքով՝ ձայնագրությունից բացակայում է ամենակարևոր մասը, որում ինքը թուրք գործընկերոջը պատմել է երկրպագուների սադրիչ գործողությունների մասին։
Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի հինգերորդ տուրի «Բեշիքթաշ»–«Հապոել Բեեր Շևա» հանդիպումը կայացել է նոյեմբերի 26-ին Բաթումիում։ Անվտանգության նկատառումներով այն տեղափոխել էին Ստամբուլից։ Առաջին խաղակեսում տրիբունաներում բռնկված բախումների պատճառով խաղն ընդհատվել է մոտ կես ժամով։ Թուրքական թիմը հաղթել է 2։1 հաշվով։
Միջադեպից հետո թուրք պաշտոնյաներն ու «Բեշիքթաշ»-ի ղեկավարությունը քննադատել են վրացական ոստիկանության գործողությունները։ ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ իրավիճակը սրվել է, երբ ոստիկանությունը միջամտել է երկրպագուների բախումներին։ Կազմակերպությունը նաև ընդգծել է, որ մարզադաշտում անվտանգության ապահովման պատասխանատվությունն իրենը չէր։




























