Ուրբաթ՝ նոյեմբերի 27-ին, ԱՄՆ ֆինանսական կարգավորող մարմինները փակել են Ինդիանա նահանգի Էվանսվիլ քաղաքում գործող «United Fidelity Bank»-ը։ Սա ԱՄՆ-ում բանկի ամենախոշոր սնանկացումն է 2024 թվականի ապրիլից ի վեր։ Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան (FDIC), սեպտեմբերի վերջի դրությամբ բանկի ակտիվները գնահատվում էին 5,9 միլիարդ դոլար։
Բանկը փակելու որոշումը կայացրել է ԱՄՆ դրամաշրջանառության վերահսկողության վարչությունը (OCC)՝ պարզելով, որ դրա ֆինանսական վիճակը թույլ չի տալիս անվտանգ շարունակել աշխատանքը, և բանկը, հավանաբար, չի կարողանա կատարել իր պարտավորությունները կամ ժամանակին բավարարել ավանդատուների պահանջները։ Սնանկության գործընթացի կառավարիչ է նշանակվել FDIC-ը։
Նույն օրը FDIC-ը համաձայնության է եկել Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռոլի քաղաքում գործող «First-Citizens Bank & Trust Company»-ի հետ։ Այս բանկը ձեռք կբերի «United Fidelity»-ի գրեթե բոլոր ակտիվները և կստանձնի դրա պարտավորությունների մեծ մասը՝ ներառյալ հաճախորդների ավանդները (բացառությամբ բրոքերների միջոցով տեղաբաշխված որոշ ավանդների ու առանձին հաշիվների)։
Սեպտեմբերի 30-ի տվյալներով՝ «United Fidelity»-ն ուներ 5,9 միլիարդ դոլարի ակտիվներ, 5,4 միլիարդ դոլարի ավանդներ և 3,1 միլիարդ դոլարի վարկային պորտֆել։ Գործարքի շրջանակում «First Citizens»-ը կստանձնի շուրջ 4,5 միլիարդ դոլարի ավանդներն ու 3,1 միլիարդ դոլարի վարկերը։ Գնորդ բանկի առաջարկով՝ ձեռք բերվող ակտիվների համար սահմանվել է մոտ 2,6 միլիարդ դոլարի զեղչ, իսկ ստանձնած ավանդների դիմաց հավելավճար չի տրվի։ Հաղթողը որոշվել է մրցակցային կարգով։
«First Citizens»-ին կանցնեն նաև «United Fidelity»-ի 20 մասնաճյուղերը Ինդիանա, Իլինոյս, Կոլորադո և Ֆլորիդա նահանգներում, ինչպես նաև Ամերիկյան Վիրջինյան կղզիներում «Bank of St. Croix» անվանումով գործող երկու մասնաճյուղերը։ Գործարքը ներառում է նաև բանկի դուստր ընկերությունները, այդ թվում՝ անշարժ գույքի կառուցապատմամբ ու կառավարմամբ զբաղվող «Pedcor Homes Corporation»-ը։
FDIC-ի գնահատմամբ՝ այս սնանկացումն իր ավանդների ապահովագրման հիմնադրամի վրա կարժենա 1,83 միլիարդ դոլար։
«United Fidelity»-ի հաճախորդներն ավտոմատ կերպով կդառնան «First Citizens»-ի հաճախորդներ։ Նրանք կարիք չունեն շտապ փոխելու իրենց բանկը․ գումարները կմնան հասանելի, իսկ ավանդները՝ ապահովագրված։ Առայժմ կարելի է օգտվել հին չեկերից ու բանկային քարտերից, իսկ վարկառուները պետք է շարունակեն մարումները նախկինի պես։ Մասնաճյուղերը «First Citizens» բրենդի ներքո կանցնեն փուլ առ փուլ, իսկ բանկային համակարգերի վերջնական միավորումը տեղի կունենա ավելի ուշ։
Նախորդ նման խոշոր դեպքը 2024 թվականի ապրիլին «Republic First Bank»-ի փակումն էր։ Այն ժամանակ բանկի ակտիվները կազմում էին մոտ 6 միլիարդ դոլար, իսկ ավանդատուների սպասարկումն ու ակտիվների զգալի մասն անցել էր «Fulton Bank»-ին։





























