Իրավապահները պարզել են 2015 թվականի ամռանը Մոսկվայի Վարշավյան խճուղում գտնվող բանկի կողոպուտի մեջ կասկածվողի ինքնությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Տղամարդուն հաջողվել է հայտնաբերել 11 տարի անց՝ հանցագործությունից հետո նրա դեն նետած հագուստի վրա հայտնաբերված ԴՆԹ-ի միջոցով, հայտնել է մայրաքաղաքի դատախազությունը։
Գերատեսչության տվյալներով՝ աշխատանքային օրվա վերջում բանկի մասնաճյուղ է ներխուժել կարմիր բաճկոնով և դեմքին կապրոնե գուլպա քաշած տղամարդ։ Ատրճանակով սպառնալով աշխատակիցներին՝ նա պահանջել է մնալ տեղերում, ապա հափշտակել է տարբեր արժույթներով ընդհանուր առմամբ ավելի քան 9 միլիոն ռուբլի և դիմել փախուստի։
Կողոպուտից հետո չարագործը փոխել է հագուստը, իսկ կարմիր բաճկոնը դեն նետել բանկի հարևանությամբ գտնվող բակում։ Այն հայտնաբերել են օպերատիվ աշխատակիցները։ Փորձաքննությունը հագուստի վրա հայտնաբերել է հանցագործի ԴՆԹ-ն, որը ներառվել է դաշնային տվյալների բազայում։
11 տարի անց տվյալները համընկել են առողջությանը ծանր վնաս պատճառելու համար Տվերի մարզի ուղղիչ գաղութում պատիժ կրող տղամարդու պրոֆիլի հետ։ Լրացուցիչ փորձաքննությունը հաստատել է, որ կասկածյալը և կողոպուտի օրը տեսախցիկների արձանագրած անձը նույն մարդն են։
Ցուցմունքներ են տվել նաև տուժածները։ Բանկի աշխատակցուհիներից մեկը, որին հարձակվողն ամենամոտն էր կանգնել, ճանաչել է նրան։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով ավազակային հարձակման համար։ Հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Մեղադրյալը կալանքի տակ է, հայտնել են դատախազությունից։




























