Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը ներկայացրել են երեք նոր փոքրաչափ անօդաչու թռչող սարք՝ այլ անօդաչուների դեմ պայքարի համար նախատեսված մեկ սարք և մոտ հեռավորության վրա հակառակորդի թիրախներին հարվածելու համար նախատեսված երկու մահապարտ անօդաչու, հաղորդում է Tasnim-ը։

Նոր մշակումները ներկայացվել են Մաշհադում անցկացված՝ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի ձեռքբերումների ցուցահանդեսում՝ նախկինում ցուցադրված այլ համակարգերի հետ միասին։

Առաջին անօդաչուն՝ Sayeh-ը («Ստվեր»), փոքր կվադրոկոպտեր է, որը նախատեսված է տարբեր տեսակի, առաջին հերթին՝ փոքրաչափ անօդաչուների որսման և ոչնչացման համար։

Հրապարակված տվյալների համաձայն՝ այն կարող է թռիչք կատարել գրեթե ցանկացած մակերևույթից, պարեկել օդային տարածքում և հարձակվել հայտնաբերված թիրախների վրա։ Բացի այդ, սարքը կարելի է արձակել ավելի խոշոր անօդաչուներից կամ այլ կրող թռչող սարքերից։

Sayeh-ը հագեցած է ջերմատեսիլ համակարգով, որը թույլ է տալիս գործել գիշերը և եղանակային անբարենպաստ պայմաններում։ Թռիչքի հայտարարված հեռահարությունը 10 կմ է, զանգվածը՝ 2 կգ, օգտակար բեռի զանգվածը՝ 1 կգ։ Առկա տվյալներով՝ արագությունը հասնում է 450–600 կմ/ժ-ի, սակայն թռիչքի տևողությունը սահմանափակվում է մոտ հինգ րոպեով։

Երկրորդ սարքը՝ Qasedak-ը («Խատուտիկ»), նախատեսված է հակառակորդի թիրախներին հարվածելու համար և հարմարեցված է ռադիոէլեկտրոնային պայքարի ու կապի ճնշման պայմաններում կիրառմանը։ Այն հագեցած է ավտոպիլոտով և թիրախների օպտիկական ճանաչման համակարգով, ինչի շնորհիվ կարող է ինքնուրույն կողմնորոշվել և մոտենալ նշանակված օբյեկտին՝ ավելի քիչ կախված լինելով օպերատորի հետ կապից և արբանյակային նավիգացիայից, այդ թվում՝ GPS-ից։ Ինչպես Sayeh-ը, այն ևս կարելի է արձակել ավելի խոշոր անօդաչուից կամ այլ թռչող սարքից։

Qasedak-ի հայտարարված հեռահարությունը 40–50 կմ է, զանգվածը՝ 13 կգ, օգտակար բեռի զանգվածը՝ 3 կգ։ Առավելագույն արագությունը հասնում է մոտ 90 կմ/ժ-ի, թռիչքի տևողությունը՝ մոտ 45 րոպեի։

Ներկայացված երրորդ սարքը նույնպես փոքրաչափ մահապարտ անօդաչու է։ Արտաքնապես այն հիշեցնում է ամերիկյան Switchblade 300-ը։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ մշակողները նախատեսել են առանց GPS-ի աշխատելու հնարավորություն․ անօդաչուն համատեղում է ինքնավար կառավարումը պատկերների վրա հիմնված նավիգացիայի և թիրախների ճանաչման հետ, ինչը պետք է բարձրացնի դրա արդյունավետությունը ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում։

Երրորդ անօդաչուի գործողության հայտարարված հեռահարությունը մոտ 20 կմ է, զանգվածը՝ 2,8 կգ, առավելագույն արագությունը՝ 250 կմ/ժ։ Թռիչքի տևողությունը գնահատվում է մոտ հինգ րոպե։