Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին լարված հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Լիբիայի Բենգազի նավահանգստում ռուսական նավերին ուկրաինական հարվածներից հետո, հայտնում է Bloomberg-ը։
Հռոմը վրդովված է, որ Կիևը եվրոպացի գործընկերներին չի նախազգուշացրել գործողության մասին և այն չի համաձայնեցրել նրանց հետ։ Իտալիան նաև մտավախություն ունի, որ ռազմական գործողությունները կարող են տարածվել Միջերկրածովյան տարածաշրջանում։
Նոյեմբերի 27-ին կայացած զրույցից հետո Զելենսկին հրապարակայնորեն հաստատել է, որ Լիբիայում գործողությունն իրականացվել է առանց եվրոպացի գործընկերների հետ նախնական համաձայնեցման։ Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել Իտալիայի հետ տեղեկատվության կանոնավոր փոխանակում հաստատելու և երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև ուղիղ ու արդյունավետ կապ ապահովելու հարցում։
Տարաձայնությունները հատկապես ակնհայտ են դարձել նախօրեին հրապարակված՝ BBC-ին Զելենսկու տված հարցազրույցից հետո։ Հարցազրույցում Ուկրաինայի նախագահը պնդել էր, որ ուկրաինական ուժերը հարվածներ չեն հասցնում առանց գործընկերների հետ գործողությունները համակարգելու։ Սակայն նա չէր հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։
Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Հռոմը նախազգուշացում չի ստացել Լիբիայի տարածքային ջրերում, առավել ևս՝ նավահանգստում ռուսական նավերի վրա հարձակվելու Կիևի մտադրության մասին։ Նրա խոսքով՝ Զելենսկու նախկին հայտարարությունները չեն համապատասխանել իրականությանը։
Նոյեմբերի 22-ի գիշերը ուկրաինական ծովային անօդաչու սարքերը հարձակվել են Բենգազիում գտնվող ռուսական նավերի վրա։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ գործողության հետևանքով խորտակվել է «Մերկուրի» կորվետը, ինչպես նաև խոցվել է «Անգարա» բեռնանավը, որը, Կիևի պնդմամբ, օգտագործվել է Ռուսաստանի ռազմական լոգիստիկայի համար։ Լիբիայի իշխանությունները դատապարտել են հարվածը՝ հայտարարելով երկրի տարածքում և տարածքային ջրերում օտարերկրյա ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին։
Հեռախոսազրույցից հետո Մելոնիի գրասենյակի տարածած հայտարարության մեջ գործողությունը որակվել է որպես Լիբիայի ինքնիշխանության խախտում, որը Միջերկրածովյան տարածաշրջանում հակամարտության տարածման վտանգ է ստեղծում։ Հռոմն ընդգծել է, որ չի կարող ընդունել Իտալիայի և ողջ տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող գործողությունները։
Միաժամանակ Մելոնին հստակեցրել է, որ տեղի ունեցածը չի նշանակում, թե Իտալիան հրաժարվում է Ուկրաինային աջակցելուց։ Նրա խոսքով՝ Կիևին օգնությունը և սեփական սահմանների ու քաղաքացիների պաշտպանությունը պետք է մնան զուգահեռ առաջնահերթություններ։
Մելոնիի համար իրավիճակն ունի նաև ներքաղաքական նշանակություն․ Իտալիան մոտենում է հերթական ընտրական փուլին, իսկ նրա իշխող կոալիցիայի և ընդդիմության մի մասը դեմ է Ուկրաինային հետագա աջակցությանը կամ որդեգրում է դիրքորոշումներ, որոնք ընկալվում են որպես Մոսկվայի համար ավելի նպաստավոր։
Բացի այդ, Լիբիան գտնվում է Իտալիայի անմիջական հարևանությամբ, իսկ տարածաշրջանի անկայունությունն անդրադառնում է միգրացիայի, էներգետիկ անվտանգության և նավագնացության վրա։





























